Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/97

Այս էջը հաստատված է

սանդուղը բերել, դնել ուղտի փորին։ Տերը բարձրանում է վեր, ընկողմանում է կնոջ կողքին։

Համբույր, բոժոժների երգ, ուղտի ռիթմիկ օրոր, քարավանատիրոջ ճանապարհորդություն։

Քարավանը ճամփորդում է գիշեր և ցերեկ, կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ հարկավոր է բեռներն իջեցնել, փոխանակել ուրիշ ապրանքների հետ, վաճառել և ապա ճանապարհ ընկնել։

Երբ քարավանը քաղաք հասներ կես-գիշերին, հեռվից լսում էինք բոժոժների երգը, որ քնքշորեն զրնգում էր պարզ, աստղազարդ երկնքի տակ։ Դանդաղ, բայց համառորեն մոտենում էր քարավանը։ Կիսաքուն տերերը սկսում էին օրորվել ուղտային ռիթմով՝ մինչև քարավանը կանգ առներ մեր քաղաքի հրապարակներից մեկում կամ առանց մեր քաղաքում կանգ առնելու հեռանար, և բոժոժների զրնգոցը գերեզմանվեր մեր պարզ, կապույտ-կապույտ, աստղաշատ երկնքի ծոցում։

* * *

Մեր փողոցում բացվող հրապարակներից մեկում երեք օր է, ինչ մի քարավան է կանգ առել։ Ուղտերի բուրգի, խմորի, ուղտապանների թաղիքների յուրահատուկ հոտ, ուղտերի հոգնած ձայներ և խաղաղ նայվածքներ։ Ուղտապահների թաղիքե ցածր վրաններ։ Երեկոյան օջախները վառվում են։ Պարզ, պարզ մի կենցաղ։ Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում ու փայփայում նրանց։ Նրանք բարձր չեն ծիծաղում, ժպտում են միայն։ Նրանց ժպիտը դժգույն, մարող գույներով հազիվ գծագրվում է դեմքերի վրա և անհետանում։ Բայց անապատի մարդու նայվածքը հրային է, արևաշող, կիզիչ, խոնավ, փայլփլացող, միշտ արթուն, խոսուն աչքեր, որոնք բերում էին մեզ իրենց ավազների ջերմությունն ու անդորրը։

Քարավանն արդեն ճանապարհ ընկավ։ Ուղտերի կերկերուն, աղերսական և կարոտագին ձայնը բռնել է ողջ քաղաքը։