որովհետև նրա մեջ տեսնում էր պատկերը իր հոգու ու մարմնի։ Նա թոռներ շատ ուներ, ուներ և թոռան զավակներ, տեսավ իր առաջին ծոռին, բայց նրա բովանդակ սերը, այն սերը, որ տածել էր դեպի կավյը, դեպի մայր֊հողը, միասնացած և ավելի հզորացած, կենտրոնացավ Երեմիայի անդրանիկ որդու՝ Հովնաթանի վրա։
— Երեմիա, որդի՛, իմ անցնելուց հետո լավ մտիկ տուր Հովնաթանին,— ասում էր ծերունի Անդրեասը, բռնում Հովնաթանի գլուխը, շոյում, համբուրում աչքերը։
Եվ Հովնաթանը կապուտաչյա էր ու գանգրահեր։
Բոլոր հին հարսները նախանձում էին Հովնաթանի մորը, որովհետև ծերունին կանչում էր նրան իր մոտ, նստեցնում կողքին, բռնում նրա մինչև ծնկները հասնող ծամերը, շոյում և զմայլանքով ու հողի կարոտով նայում նրա դեմքին, որ դեռևս վարդագույն էր՝ հակառակ նրա արդեն երեք զավակ ունենալուն։
Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց.
— Բեր գրիչ և թուղթ ու գրիր։
Հովնաթանը, որ արդեն տասնվեց տարեկան էր, բերեց թուղթ և գրիչ և ասաց.
— Պապի, պատրա՛ստ է։
Ծերունու ականջին հնչեց կյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրում էր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։
Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեց և թելադրեց Հովնաթանին՝ գրելու.
— Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։
Հովնաթանը գրի առավ ծերունու ասածները արագորեն և նայեց պապին խոհականորեն։
Ծերունի Անդրեասը շարունակեց թույլ ձայնով.