Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/19

Այս էջը հաստատված է

Երեկոյան, երբ քամին բարձրացավ և սառեցրեց հնոցը, նրանք դուրս հանեցին կիսանդրին և դիտեցին։

Հովնաթանը տեսավ և տխրեց, նրա հոգին կարծես մուտք գործեց դեպի գիշերը, իսկ Երեմիան ուրախ էր, որովհետև ոչինչ չնկատեց, նա միայն հափշտակվեց հոր մեծ ճակատով, խիտ հոնքերով և կուրծքը ծածկող միրուքով։

Կիսանդրին մի քիչ այլանդակվել էր՝ թաց֊թաց թրծելու պատճառով։

Հաջորդ կիրակին նորից հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռան զավակները, հարսներն ու փեսաները, գրկեցին պապի կիսանդրին, անցան հեղեղատը և դրին այն սպիտակ և կանաչ երակներով շիրմաքարի գլխավերևը։

Եվ դաշտեցիները բոլոր, զարմացած ու հիացած, գնում էին խումբ֊խումբ տեսնելու կիսանդրին, տեսնում էին և կարդում տապանագիրը՝

Անդրեաս
որդի Դավթի և Մարիամի
Ժ

Թե ո՛րտեղից և ի՛նչպես Հովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։

Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելության արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թևերով և սեռի՝ փոքրրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաև լեռան քաղաքի հին ամրոցում կոտրված արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հավաքված էին մի մութ սենյակում։ Կային արձաններ և ամրոցի պատերի ու պարիսպների վրա, բարձր, էլի կոտրտված, աղճատված վիճակում։

Եվ ամեն անգամ, երբ Հովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խոր ուրախությամբ, այդ խայտանքին հաջորդել էր ներքին, թաքուն մի