Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/22

Այս էջը հաստատված է

Երեմիան բռնում էր Հովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապույտ լճակի մեջ և ասում.

— Հովնաթա՛ն, որդի՛, աղյուս են պահանջում։

Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։

Երեկոյան, երբ բոլորն ուտում էին թանե սպասը և վեր կենում, պառկում, քնում, Հովնաթանը, կտուրի վրա պառկած՝ իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը հառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցվում էին արցունքով։

Մայրը մոտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը և հարցնում.

— Հովնաթա՛ն, մատա՜ղ, ինչո՞ւ ես լաց լինում։

Հովնաթանը պատասխանում էր ինչպես հինգ տարեկան մանուկը.

— Ես աղյուս չեմ թափի։

— Հայրդ ծեր է, որդի՛, նրան պարտական ես օգնել։

Հովնաթանը նայում էր դեռ երիտասարդ մորը՝ լուռ և տխուր։

Եվ մայրը շփոթում էր կապույտ աչքերի արցունքը կապույտ երկնքի աստղի հետ։

Սառչում էին արցունքները, ինչպես մարած աստղերը, քունն իջնում էր Հովնաթանի հոգնած մարմնի վրա, մայրը հեռանում էր, համբուրելով արևից եփած նրա ճակատը։

Առավոտյան Հովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպես մարգարիտը փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփական աշխատանքը։

Կավի զովությունը խնդությամբ էր վառում նրա արյունը։

Հայրը գալիս էր բրուտանոց, մոտենում Հովնաթանին և դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցվել կավի մութ զանգվածից, երկու֊երեք անգամ ավելի խոշոր, քան բնական մեծությունը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրա կես դարու չափ ֆիզիկական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրությանը, պատկերում էր քամուց և արևից այրած նրա ճակատը, կոպտացած