Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/29

Այս էջը հաստատված է
ԺԳ

— Երկու օր էլ, ու կվերջացնեմ քո արձանը, Մարգարիտ,— ասաց Հովնաթանը և շորը քաշեց կավի վրա։ Նրան թվաց, որ լուսինը փաթաթեց ցեխոտ փալասի մեջ։

Նրանք դուրս եկան բրուտանոցից։

Քիչ անց՝ Երեմիան եկավ բրուտանոցը, թեև կիրակի էր և աշխատանքի օր չէր, նա մոռացել էր ջրել կավի մի խոշոր կույտ, որը հարկավոր էր առավոտյան աշխատանքի համար։

Երբ Երեմիան ջրեց կավը և ծածկեց մեծ ու թաց սավանով, ցանկացավ նորից տեսնել իր փոքրիկ Դավթի արձանը։ Նա շորը քաշեց արձանի վրայից և մի պահ ապշահար կանգ առավ։ Ո՞վ էր այդ անամոթ աղջիկը, որ մերկացել էր իր որդու աոաջ և թույլ էր տվել նրան, որ օրերով դիտեր իր մարմնի յուրաքանչյուր ծալքը։

«Թերևս երևակայությամբ է քանդակել»,— մտածեց Երեմիան, բայց ո՛չ, այնքա՛ն կենդանի էր իր աչքերի առաջ բարձրացած մերկ մարմինը։ Նա դարձավ դեմքի կողմը և հանկարծ ճանաչեց անամոթ աղջկան։ Արյունը վայրկենապես խուժեց Երեմիայի գլուխը։ Նրա դեմքը և ականջները կարմրեցին, աչքերը կարծես պատրաստ էին արյուն կաթելու, իսկ մարմինն ամբողջ դողում էր զայրույթից։

Եվ հանկարծ ամեն ինչ մշուշվեց նրա աչքերի առաջ և ձեռքերը, ինչպես զոհի վրա հարձակվող ոճրագործի ձեռքերը, շարժվեցին կատաղությամբ։ Մի հարվածով այլանդակեց գլուխը, սեղմեց կրծքերը և տափակեցրեց, կոտրեց թևերը և թևերի կավով ծածկեց իր անամոթ աղջկա մերկությունը, տրորեց մարմնի բոլոր մասերը, վերածեց ամեն ինչ քաոսային զանգվածի, ապա փաթաթեց շորով և սկսեց քայլել դեպի դուռը։ Ձեռքը երկարեց դռան՝ բաց անելու, բայց հանկարծ սկսեց լաց շինել մանուկի նման։ Նա զգում էր, որ խորտակել էր մի ամբողջ կյանք, բայց զգում էր նաև, թե ինչու չկարողացավ զսպել իրեն։

Երբ եղբայրները մտան բրուտանոցը, գտան Երեմիային տխուր ու մռայլ, կարծես նրա աչքերի առաջ դրված լիներ մի թանկագին հարազատի դագաղը։

— Երեմիա, ինչո՞ւ տխուր ես,— հարցրեց եղբայրներից մեկը։