Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/35

Այս էջը հաստատված է

Մարգարիտը հարցրեց նրան.

— Եթե Հովնաթանը վերադառնա՝ ի՞նչ ասեմ։

— Նա չի վերադառնա,— պատասխանեց Դավիթը հուսահատ։

— Կվերադառնա՛,— ասաց Մարգարիտը խորագույն հավատքով:

Եվ բաժանվեցին քույր ու եղբայր։ Երբ գարուններին բարձրանում էին հեղեղները, Մարգարիտը հոգածությամբ հողը վրա էր տալիս գերեզմանների կողքերին, որպեսզի հանգստարանները մնան անվրդով և չխռովվի նրանց տակ ննջող բրուտների հավիտենական սավառնումը:

ԺԵ

Եվ մի օր մի կառք կանգ առավ Անդրեասի որդի Երեմիայի հին տան դռանը։

Կառքից իջավ մի չափահաս մարդ, ծամերի մեջ արդեն սպիտակ ալիքներով, ընտանի քայլերով մոտեցավ դռանը և բախեց դռան երկաթը երեք անգամ, ըստ վաղեմի սովորության։

Դուռը բաց արավ մի անծանոթ կին։

Չափահաս մարդը, տեսնելով անծանոթ կնոջը, ամեն ինչ հասկացավ — հին տունն անցել էր օտարների ձեռքը։

— Որտե՞ղ են այս տան հին բնակիչները,— հարցրեց նա անծանոթ կնոջը։

Կինը խաչակնքեց։ Առանց խաչակնքելու չէր կարելի հիշել անցածներին։

— Որտե՞ղ է Դավիթը։

— Հարավի աշխարհում։

— Իսկ Մարգարի՞տը:

— Նա այժմ կինն է մետաքսագործ Գրիգորի, որդի Թադևոսի։

— Որտե՞ղ է նրա տունը։

— Ներքևի թաղի կամարակապ աղբյուրի ճիշտ դիմացը։

Նորեկը հեռացավ խոնարհություն անելով։

Փողոցներից անցնելիս՝ ոչ ոք չճանաչեց նրան։ Երեխա