Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/36

Այս էջը հաստատված է

ների մի բազմություն քայլում էր նրա ետևից՝ հափշտակված օտարական մարդու տարազից, մանավանդ հարդյա լայնեզր գլխարկից։

— Մարգարի՜տ…

— Հովնաթա՜ն…

Մարգարիտը գրկեց Հովնաթանի գլուխը, սեղմեց իր տաք կրծքին, ինչպես մանկանն իր առաջին, համբուրեց երկար, թափեց արցունքներ ջինջ, աստղային մաքրությամբ։ Արցունքը ջինջ է, երբ թափվում է ուրախության համար, որովհետև նա բխում է լուսավոր և զով հատակից։

Երբ քույրն համբուրում էր եղբոր գլուխը, քրոջ մանուկները փաթաթվեցին Հովնաթանի սրունքներին, նրանցից մեկը մինրև անգամ մագլցեց նրա ուսը։

Մանուկները լսել էին Հովնաթանի անունը, բայց ոչ ոք չհայտնեց նրանց, թե ահա եկել է մորեղբայրը, նրանք այդ զգացին բնազդով, և նրանց արյունը, մոր արյան նման, ոստոստեց երակներում։

ԺԶ

Հաջորդ առավոտյան Հովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը, և նրանք գնացին վերի ավազանը՝ տեսնելու պապի, հոր և մոր գերեզմանները։

Մինչև գերեզմանները Հովնաթանը հարցրեց Մարգարիտին.

— Ի՞նչ եղան հորեղբայրները։

— Հորեղբայրները մեռան, ինչպես հայրիկը, որդիները դեռ աղյուս են թափում, տե՛ս այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառվում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթե, երբեմն հանդիպում եմ մեկնումեկին փողոցում և բարևում։

— Հորեղբայրներն ինձանով չհետաքրքրվեցի՞ն երբևիցե։

— Հիշում եմ, մի անգամ մեծ հորեղբայրը հարցրեց՝ ի՞նչ լուր անպետք տղայից, չպատասխանեցի։

Հովնաթանը ցավագին ժպտաց։

Հասան վերի ավազանը։ Հովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրա, նայեց իր