Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/40

Այս էջը հաստատված է

Երգում էր անհուն դաշտի սղոխը, օրորվում էր վայրի վարդը իսկ խոտը՝ ծփում:

Հովնաթանը և Մարգարիտը հասան տուն, երբ արևի մեծ նարինջը թեքվում էր սարի ետևը, և մուգ կապույտը բարձրանում էր երկրից։

Ծառերի տակ առվակներ էին նվագում, իսկ ծառերի վրա թափվում էին իրիկնային զանգակի լուսավոր փշուրները:

ԺԷ

Մարգարիտի ամուսինն ասաց Հովնաթանին.

— Մեր տան ներքնահարկը ոչնչի չի ծառայում, վերցրու և աշխատիր այնտեղ, քնիր պարտեզի վրա նայող փոքրիկ սենյակում, Մարգարիտի եփած ճաշը բավական է և՛ մեզ, և՛ քեզ:

Հովնաթանը շնորհակալության համար ասաց.

— Դու իմ եղբայրն ես։

Այդ գիշեր Մարգարիտը փաթաթվեց ամուսնուն կրակե թևերով, իսկ ամուսինը համբուրեց նրա ողորկ, կլոր և լուսավոր թևերը։

Առավոտյան Հովնաթանը հագավ սպիտակ շապիկ, գլխին դրեց մի գդակ, ինքն անձամբ մաքրեց ներքնահարկը, կանչեց որմնադիր, բաց անել տվեց մեծ լուսամուտ։

Հաջորդ օրը շինել տվեց զանազան չափի կավակալներ, ինքն անձամբ գնաց ավազանները, լցրեց սայլն ազնվագույն կավով, բերեց և դարսեց ներքնահարկի մի անկյունը։

Եվ ներքնահարկը կոչեց աշխատանոց։

Երրորդ օրը, սայլապանի հետ միասին, գնաց լեռը, ընտրեց սպիտակ քարի բեկորներ, փոքր և խոշոր, բերեց ու դրեց աշխատանոցում։

Չորրորդ օրը նա ներքև իջեցրեց իր հետ բերած գործիքները և դարսեց ինչպես հարկն էր։

Մարգարիտն ու ամուսինը իջան ներքև և մնացին զմայլված։

— Եղբայր իմ Հովնաթան,— ասաց Մարգարիտի ամուսինը,— այս ներքնահարկը կառուցված օրից լույս չէր տեսել, ահա պատերը ցնծում են լույսից։