Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/42

Այս էջը հաստատված է

հողը, նրա կողքին դահճի մթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը` պատրաստ գլխատելու:

Ահա հինգերորդը — մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվում է նրա աղիողորմ ողբը։

Ահա վեցերորդը — արևի տակ կքած հողի աշխատավորը, որի մեջքը, սրունքները, բազուկները պատմում են ահավոր հոգնածությունը:

Ահա յոթերորդը — մի քանի բանվորներ՝ իրար վրա բարձած մկաններով, քանդում են լեռը քլունգներով։

Ահա ութերորդը — մի ծերունի՝ նիհար, գրեթե միայն ոսկորների մի զանգված, ճաղատ գլխով, կարճատես, ձեռքեր՝ ուռած երակներով, կքած մի գրքի վրա:

Ահա իններորդը — մի աղջիկ՝ գրկած մի նորածին մանկան գլուխը, տխուր, մռայլ, որովհետև փախել է նրա հետ զվարճացող սրիկան։

Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ և ըմբոստ:

Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանի անասուն հոշոտելիս:

Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում:

ԺԸ

Բայց մարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերների իշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ:

Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնում նրանց և քանդակում։ Այն կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետի առաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, թեև