գույն կավն այդ շրջանակի մեջ և քաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դաոնա աղյուս։
Այդ տարին դաշտում տասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջին գարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։
Այդ հնոցը բոլորաձև էր, երկու մարդահասակ բարձրությամբ։ Երբ աղյուսները չորանում էին, Անդրեասը բերում էր, խնամքով դարսում հնոցում կանոնավոր շարքերով և ապա սկսում հնոցի տակ վառել չորացած խոտը։
Մի քանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասը դուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։
Այդ տարին տների կառուցումն ավելի և ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելի հեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։
Սկզբում Անդրեասն այդ բոլորն անում էր միայն կնոջ օգնությամբ, բայց հետզհետե անկարող եղավ բավարարել կառուցողների պահանջները, ուստի նա բերեց մարդիկ, նրանց տվեց հաց և օրավարձ և աշխատեցրեց իր հետ, մանավանդ, երբ կնոջ գիրկը լցվեց երեխաներով, մեկին հաջորդեց երկուսը, երեքը, չորսը և դեռ պիտի հաջորդեին հինգը և վեցը։
Լեռան քաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը, որտեղ մեղմ սղոխը օրորում էր ծառերի տերևները, ծաղիկները և կանանց ծամերը։ Օդը մեղմ էր և առողջարար, հենց լեռան ստորոտից բխում էին քաղցր և սառը ջրերը և առվակներով անցնում դաշտից։ Դաշտի բարիքը լեռան գագաթը փոխադրելու այլևս կարիք չկար, մանուկներն անգամ աշխատում էին պարտեզներում և այգիներում, որովհետև տները կառուցված էին հենց պարտեզներում և այգիներում, մեծ, բազկատարած ծառերի հովանիների տակ։
Դաշտի տները ծածկվում էին եղեգնյա ճյուղերով և հողով։ Հորդառատ, կատաղի անձրևները աշնանը ծակում էին հողե կտուրները և վազում տների ներքնակողմը։