Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/50

Այս էջը հաստատված է

Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով և հորդառատ արցունքներով։

Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեց մուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծի Հովնաթանի հուշարձանը:

Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեց լուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.

— Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը:

Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։

ԻԱ

Եվ հանկարծ խլրտաց երկիրը:

Նախ՝ հատուկտոր աղաղակներ լսվեցին երկրի ընդերքներից, բայց հետզհետե ողջ սոցիալական հատակն սկսեց երերալ։ Մահվան հռնդյունը խառնվեց ըմբոստ աղաղակներին: Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնց ոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից:

Եվ շարժվեցին գործարաններից, դաշտերից, նավահանգիստներից, ծովերից, շարժվեցին փողոցներից, իջան սարերից, խուժեցին գյուղերից քաղաքները, և քաղաքները հրդեհվեցին, սուլեցին հրացանները, և պայթեցին թնդանոթները, տրորվեցին ոսկյա թագերը, փշրվեցին ադամանդակուռ խաչերը, գզգզվեցին մեծատունների զգեստները, որոնք հյուսված էին աշխատավորների արյունով ու քրտինքով, շարժվեց բանակը և պաշարեց պալատները, դղյակները, կոտրատվեցին բանտերի դռները, և մութ զնդաններից դուրս եկան դժգույն, քաղցած, մահամերձ, բայց գազազած մարդիկ, քանդեցին բռնակալության որջերն ու ամրոցները։

Ողջ երկրի հետ միասին շարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին:

Անհուն դաշտում հրդեհներ բռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկի