Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/29

Այս էջը սրբագրված է


Չնայած տնտեսության «բուռն վերելքին» եւ աճի տեմպերի երկնիշ ցուցանիշներին, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանվել տարեկան շուրջ 25000 մարդու սահմաններում։ Վերջին շրջանում իշխանություններն ու նրանց պրոպագանդիստական մարմինները ցնծությամբ թմբկահարում են մանավանդ այն փաստը, որ գործազուրկների թիվը Հայաստանում իջել է 60 հազարի։ Գործազուրկ չեն համարվում, անշուշտ, արտագնա աշխատանքի մեկնած շուրջ կես միլիոն հայաստանցի քաղաքացիները։ Այնպես որ, եթե վերոհիշյալ 60 հազար մարդն էլ բռնի գաղթի ճամփան, ապա մեր երկրում այլեւս գործազուրկ չի մնա։ Հայաստանն, այսպիսով, կդառնա աշխարհի միակ պետությունը, որը 100 տոկոսով հաղթահարած կլինի այդ համատարած սոցիալական չարիքը։

Բարոյա-հոգեբանական հետեւանքները

Քոչարյանական ռեժիմի գործունեության ամենացավալի հետեւանքներից մեկն, ակներեւաբար, երկրում ստեղծված անառողջ բարոյական մթնոլորտն է։ Անկախության առաջին տասնամյակի ոգեւորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել է վախի, ստրկամտության, հուսահատության, ատելության զգացումով։ Բարքերի անկումը հասել է այն աստիճանի, որ այլեւս հասարակական չարիք չեն դիտվում քաղքենիությունը, կաշառակերությունը, ընչաքաղցությունը, սուտը, մատնությունը, կարիերիզմը եւ ստորաքարշությունը։ Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդարարածի ամենաստորին բնազդները։ Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձեւավորված պատկերացումներին։ Ժողովուրդը կորցրել է հավատը պետական ինստիտուտների, օրենքի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, մինչեւ իսկ բարոյական հեղինակությունների նկատմամբ։ Չքացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա եւ սովորական։ Հասարակությունը վերածվել է, ավելի ճիշտ՝ նրան վերածել են կասկածամիտ, թերահա