Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/37

Այս էջը սրբագրված է

բար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այլ լուծումները բացառվում են ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչպես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը։

Շուրջ մեկ ամիս առաջ ունեցած իմ ելույթում ես հարկադրված էի ցավով արձանագրել, որ Հայաստանի ներկա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության պատճառով վերջին տաս տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորումը հասել է համարյա անհուսալի վիճակի, քանի որ Ադրբեջանը, օր-օրի կոշտացնելով իր դիրքը, այսուհետեւ ոչ մի փոխզիջման չի գնալու։ Ո՞րն էր այսպիսի հոռետեսական գնահատականի հիմքը։ Ո՛չ այնքան այն, որ Հայաստանը բանակցություններում միաժամանակ ներկայացնելով նաեւ Ղարաբաղի հանրապետությունը, վերջինիս փաստորեն դուրս է մղել կարգավորման գործընթացից, նրան զրկելով ԵԱՀԿ-ի բանաձեւերով սահմանված հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակից, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթությունից անխոհեմաբար վիճելի տարածքի հարթություն տեղափոխելու փաստը, որքան անհամեմատ ավելի կարեւոր ու չափազանց ցավալի մի իրողություն։

Հայաստանի իշխանությունները տաս տարի շարունակ, աշխարհին հիմարի տեղ դրած, ձեւացրել են, թե անկեղծորեն շահագրգռված են Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ իրականում, սակայն, հետապնդելովբոլորովին այլ նպատակ, այն է՝ ամեն կերպ խափանել ու վիժեցնել այդ գործընթացը։ Մեր պետական այրերի խաղաղասիրական հայտարարությունները, փոխզիջումների պատրաստակամության վերաբերյալ տված հավաստիացումները, իբրեւ թե կոնստրուկտիվ նախաձեռնությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին բլեֆ՝ միջազգային հանրությանը խաբելու եւ ստատուս-քվոն պահպանելու համար։ Նրանց թվացել է, թե ԵԱՀԿ-ի միջնորդներն այնքան միամիտ են, որ կընկնեն թակարդը եւ զերծ կմնան իրենց վրա ճնշումներ բանեցնելուց։ Եթե միջնորդները մինչ այժմ ձեւացրել են, թե հավատում են հայկական