Այս էջը հաստատված է

իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր, ու՞մ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՛մ սիրում:

Ում հետ էլ որ խոսում էի, էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի՛, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում: Էս էլ լավ գիտեի, որ ինչ երևելի ազգեր կան, բոլորն էլ երկու լեզու ունին՝ հին ու նոր: Ախր թե լուսավորյալ լեզուն լավ ա, ու քարերն էլ պետք է տրաքին ու հասկանան, էլ տոնլուղ, նշան, պատիվ ո՞ւր են տալիս դիլբանդին: Էն լեզվագետ իմաստունը թո՛ղ գնա, կանգնի, գոռա, ջանը դուս գա, լսողը թո՛ղ ինքը հասկանա, լուսավորյալ գլուխն ափսոս չի՞, որ ցավի:

Միտք էի անում, որ գիժն էլ էս չի՛ անիլ: Էլի էսպես, մտքիս հետ ընկած՝ շատ անգամ որ ղոնաղ էի գնում յա քաղաքովն անց կենում, ուշ ու միտքս հավաքում էի, թե տեսնիմ՝ խալխը խոսալիս, քեֆ անելիս ի՞նչ բանից ա ավելի հազ անում: Շատ անգամ տեսնում էի, որ մեյդանում, փողոցում մեկ քոռ աշըղի է՛նպես են հայիլ-մայիլ մնացել ու կանգնել, անկաջ դնում, փող բաշխում նրան, որ բերնըների ջուրը գնում էր: Մեջլիս ու հարսանիք հո, առանց սազանդարի ե՞րբ հացը կուլ կերթար: Ասածները թուրքերեն էր, շատը մեկ բառ էլա չէ՛ր հասկանում, ամա լսողի, տեսնողի հոգին գնում էր դրախտը, ետ գալիս: Միտք արի, միտք արի, մեկ օր էլ ասեցի ինձ ու ինձ. արի՛, քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալի՛ր, ղրաղ դի՛ր ու մեկ աշըղ էլ դու դա՛ռ, ինչ կըլի, կըլի, խանչալիդ քարը հո վեր չի՞ ընկնիլ, զառ վարաղդ հո չի՞ գնալ: Մեկ օր էլ դուվեր կընկնիս, կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չե՛ս ունենալ:

Մեկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի, ինչ որ երեխությունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ արի: Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին, ու ամենն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ: Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք աստուծո, Աղասին՝ աղքատ ու մեռած, նրա սո՛ւրբ գերեզմանին ղուրբան: Ասեցի՝ կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի: Սիրտս էկել էր, բերնիս հասել: Տեսնում էի, որ էլ հայի գիրք ձեռն առնող, էլ հայի լեզուն խոսող քիչ ա գտնվում: Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանց էլ կորցնենք վա՜յն էկել ա մեր օրին: Հայոց լեզուն առաջիս փախչում էր Կրեսոսի նման. երեսուն տարվա փակ բերանս Աղասին բաց արեց: