Այս էջը հաստատված է



ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ


1


Բարիկենդան էր: Ձինն էկել, դիզվել, սար ու ձոր բռնել էր: Պարզըկա գիշերը է՛նպես էր գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտը կոխելիս հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում էր ու մարդի ջանը սրսռացնում, ձեն տալիս: Ամեն մեկ ծառի ճղքներից, ամեն մեկ տան բաշից հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա կախ էր էլել ու բիզ-բիզ իրար վրա սառել: Հենց գիտես՝ սար ու ձոր կամ նո՛ր էր ծաղկել, կամ նո՛ր ծերացել, մահվան դուռն ընկել՝ շունչն էր մնացել, որ տա ու աշխարքիս բարով մնա ասի: Ղուշ, գազան, անասուն, սողուն՝ որը փետացել, էստեղ-էնտեղ վեր էր ընկել, որն էլ վաղուց, ամսով առաջ բունը մտել, ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն սպասում: Գետերի, առվըների երեսները սառիցը մեկ գազ էկել, հաստացել, իրար վրա դիզվել, էնպես էր ջրի, աղբրի բերնին հուպ տվել, որ մոտըներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն էր լսում, որ սառցի տակին տխուր, տրտում քլքլում էր ու էլ ետ էստեղ-էնտեղ կամաց-կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում:

Արեգակը էս առավոտ որ գլուխը քնի տեղիցը ու աղոթարանիցը չի՛ բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին է՛նպես էր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս, որ հենց իմանաս, թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ-տեսակ անգին քարեր ըլեին դաշտերի, սարերի գլխին, երեսին, դոշին փռած: Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին է՛նպես էր մեյդան բաց արել, գոռում, փչում, հոսան անում, ձնի թեփը իրար գլխով տալիս, որ ճամփորդի քիթ ու պռունկը կպցնում, ճաքացնում, երեսը պատռում, գլխին, երեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն էր քցում, խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ ոտ ու գլուխ փետացրած՝ ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում կամ քարեքար տալիս: