Այս էջը սրբագրված է

ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի քյալլա տալ չի՛ ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն ետևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն եմ տեսել: Հայ, թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են:

— Բերնիցդ հայի հոտ է գալիս, Մա՛շադի, ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում: Տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո՛, հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա ամաչի՛ր: Ես քո ջգրու էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: Էլ էս միրուքը վրես չե՛մ պահիլ: Քանի՜ էդպես ժամի պատ իմ ձեռովս քանդել, քանի՜ սրբերի աչք էս մատովս հանել, դու հմիկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյաբդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի տերն ես: Քշի՛, քշի՛, գնա՛նք. քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ:

Ասիլն, «Յա՛, սուրբ Սարգիս» ձեն տալն ու թվանքների ճռռոցը մեկ էլավ:

— Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մե՛ք անիլ. մեր թուրը՝ նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կողքըներիցս կախ անում,— ձեն տվեց աժդահա Կարոն,— իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած:

— Էրկուսինն էլ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք,— էն դհիցը Վաթոն գոռաց:

— Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես, ոտիս տակին է,— ասեց Վանին:

— Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով ման գան, հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի: Տղե՛րք, երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա:

Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին: Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին՝ ղվաթ: Հենց իմանաս՝ հայոց մեծ զորապետքը կենդանացել, նրանց սիրտ ըլին տալիս: Էսպես՝ միս ու աղցան անելով ընկան ետևներիցը:

Բայց ա՜խ, արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին, թե Աղասին, ի՞նչ նեղ սհաթի միջում, ընկեր ա ձեն տալիս, ընկեր չի կա. ա՜խ ա քաշում, ձենը լսող, իմանող չկա: Թվանքները որ բիրադի չճռռացին, հենց իմանաս, թե հոգին ետ էկավ տեղը: Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ, թե ո՞ւր ա գնում: Թուրը որ մեկի քյալլին չհասցրեց, գլխի հետ էրկու կտոր էլավ.