Այս էջը սրբագրված է


Գլորիմ կատաղի գետի փրփրի մոտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն.
Կամիմ գերեզմանս որ էս ջուրն ըլի,
էս սառը պատանն ինձ հողը տանի…


Կամ մեկ քարափի բաշից նայելով,
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով,
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով՝
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, անո՛շ իմ Նազլո՛ւ.
Թեքիմ, ու հանդարտ գա ինձ քուն մահու.
Երևի աչքիս, թե անդունդը խոր
Մոտ է ինձ գրկել, տանիլ իր լեն ձոր:


Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել.
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ,
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ:


Քե՛զ եմ մնում, քե՛զ, քո ջանին մեռնիմ.
Հող ու գերեզման ես վրես ունիմ.
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսի՛դ ղուրբան:


Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր,
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնի՛ր.
Մեկ նրանց տեսնիմ աչքս խփելիս,
Մեկ նրանս ասեմ լեզուս լռվելիս.


«Մնա՛ք բարով, ո՛րդիք, ազի՛զ, սիրեկա՛ն.
Է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ, ա՜խ, դուք հավիտյան.
Ձեր անբախտ հորը հոգին հիշեցե՛ք.
Մնա՛ք բարով, իմ քա՛ղցր, սիրո՛ւն երեխեք.
Ձեր հոր տեղակ ձեր խեղճ մորն հիշեցե՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցե՛ք»: