Այս էջը սրբագրված է

Մոր թղթի խոսքերն էս ա.

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. գլխովդ փարվան ըլիմ, Աղասի: Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում. ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում. ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բալքի թե քամին բերի, գամ ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման գաս, որ ի՛մ աչքը հանես, որտեղ որ նստիս, որ ի՛նձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս. Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագավո՛ր, իմ աղա՛ Աղասի:

Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում. պահած ծաղկըներդ կրակ են դառել, ինձ էրում, խորովում. ման էկած տեղերդ՝ աչքիս լսումը մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում: Ո՞ւր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա. ո՞ւր գնամ, որ աչքս քո տեսած բաներն էլ չտեսնի, միտքս քո ասած խոսքերն էլ չհիշի. ջանս քարանա, որ էլ անունդ չտամ. սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ. ումբրս փչանա, օրս խավարի, որ երկնքի տակին էլ չասեմ, թե ե՛ս էլ եմ մեր, ե՛ս էլ որդի բերի, ի՛նձ էլ մեկ օր աչքալիս տվին, ե՛ս էլ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի. ես էլ որ աչքս խփեի, մեկ բուռը հող դո՛ւ պետք է երեսիս քցեիր, դո՛ւ իմ նաշը խտտեիր, դո՛ւ իմ լաշը հողին տայիր, դո՛ւ վրես սուգ անեիր, գլխիս վրա կանգնեիր ու էդ ազի՛զ, էդ սո՛ւրբ բերնովդ ասեիր. «Հոգիդ լի՛ս դառնա, ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր. ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առներ, ու հետո աստված հոգիս տաներ»:

Հոգիս խոր է, թե հանեմ, աստծուն տամ. սիրտս ձեռիս չի, որ կրակը քցեմ, էրեմ. երկնքին ձե՛ռս չի հասնում, անկաջդ ձե՛նս չի ընկնում: Ղուշ ա գլխավերևս թռչում, քո անունն եմ տալիս. շունչս ա բերնիցս դուս գալիս, քո հասրաթը ջիգյարս էրում, փոթոթում. աչքիս եմ հուպ տալիս սիրտս ա տրաքում. բերանս եմ կալնում, միտքս ա ցնորվում. տունն եմ մտնում, պատերն են ինձ դժոխք դառել. դուս եմ գալիս, սար ու ձոր սև օրս լաց ըլում. երկնքին եմ նայում, մեկ ձեն չի գալիս. երկրին եմ մտիկ տալիս, մեկ խաբար չիմանում: Բարձին եմ գլուխս դնում, շունչս ա ինձ խեղդում. քնած թե զարթուն՝ դո՛ւ ես աչքիս առաջին պտիտ գալիս: Արտասունքս ծով ա դառել, Ա՛ղասի ջան. ա՜խ ու ո՜խ քաշելուցը շունչս կտրվել, հոգիս մաշվել. գլխիս էլ մազ չմնացել, որ քամուն չտամ. երեսիս էլ տեղ չկա, որ չըլիմ կտրատել. տան ու դռան էլ քար չկա, որ չըլիմ դոշիս խփել: Գլուխս ծեծելուցը ձեռներս բեզարեց. շատ լաց ըլելուցը աչքս խավարեց, բայց ա՜խ… ա՜խ… Հոգիս իմ տված չի, որ ասեմ՝ դուս գնա. սաղ-սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ,