Այս էջը սրբագրված է

գլուխս բարձրացնեմ, ու էլի մորդ, ա՜խ, քո ումբրը խավարած մորդ ձենն որ անկաջս չէր ընկնում, էլ ետ աչքս բաց էի անում, մազերս նրա ոտի տակին փռում, որ կամ ինձ սպանի, կամ թե չէ՝ մահի ձեռիցը չխլի, ինձ սաղ-սաղ էսպես չէրի, չխորովի. ամա էլի, որ նրա է՛ն խավարի աչքերը, է՛ն չորացած, մազ դառած ջանը որ աչքովս էր ընկնում, որ իմանում էի, թե նա էլ քո ցավն ա քաշում, քո դարդովն ա էնպես փոթոթվում, քո՛, քո ջանի՛ն մեռնիմ, միտք էի անում, որ թե ես էլ մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի՛ ըլիլ. որ ես կորչիմ, նա էլ կենդանի հետս պետք է հողը մտնի կամ ջուրն ընկնի, խեղդվի. որ միտք էի անում, թե նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովություն գտնում, քո կարոտը, քո հոտն ու համը, քիչ թե շատ, ինձանից ա նա առնում. ինձ որ չունենա՝ կամ սովը պետք է նրան սպանի, կամ քարեքար ընկնի, մեկ բուռը հողի, մեկ օրհնած տեղի էլ հասրաթ մնա: Ի՞նչ պետք է անեի, ո՞ր ջուրն ընկնեի: Հոգիս իմը չէր, որ հանեի, նրան տայի, բալքի նա ապրեր, քեզ տեսներ, քո արդար ձեռքը բռներ, գար գերեզմանս ու գլխիս կանգներ, ասեր.

«Ա՛ղասի ջան, է՛ս ա Նազլվիդ հանգստարանը, է՛ս հողին նա իր ջանը ղուրբան տվեց: Հետս խոսում չէր, որ դարդն իմանայի. ես էլ չոփ էի դառել, աշխարքն աչքիս փուշ կտրել, որ մեկ մոտին նստեի, քրտինքը սրբեի կամ մեկ սառը ջուր տայի: Ես ի՛մ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա՝ իր բարձի վրա. ես ի՛մ գլուխս էի բարձրացնում, որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում գլխին պտիտ գալիս. ես ա՜խ էի քաշում, որ ձենս քո անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում. սրան էրում, մաշում: Ա՜խ, հինգ ամիս էսպես տանջվեց, չարչարվեց էս խեղճ ջրատարը. ո՛չ դեղ կարաց սրան ետ բերիլ, ո՛չ դեղապետ. ո՛չ տերտեր, ո՛չ հսկումն. ո՛չ աղոթք, ո՛չ սրբություն: Մեկ առավոտ էլ, ա՛խ, էն սհաթը գնա, ո՛չ ետ գա, աչքս բաց արի, որ վեր կենամ՝ կամ երեսը ծածկեմ, կամ տեղը փոխեմ, տունը գլխիս փուլ էկավ. աչքերը երկինքն էր քցել, երեսն՝ աղոթարանը, ձեռ ու դոշ բաց արել. հենց իմանաս էն ետին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր խնդրի՝ մի քիչ համբերի, որ բալքի թե էս սհաթին էլա մեկ դուռը բաց էիր արել, մեկ քեզ տեսել էր, մեկ հասրաթդ առել էր ու հետո հոգին տվել:

Ընկի՛ր գերեզմանի վրա, Ա՛ղասի ջան. էս գերեզմանը քո արնի գինն ա, քո աչքի լիսն ա էստեղ թաղած. երեսդ հողին տո՛ւր, որ բալքի հողն էլ նրա մուրազը տա, բալքի հողիցն էլա գալդ իմանա ու գերեզմանումն էլա դինջանա: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլա ասեր, որ սրտումս դարդ չմնար,