Այս էջը սրբագրված է

ինձ էսպես չէրեր, չխորովեր: Ա՜խ էլ որ քաշում էր, էն կրակված շունչն էր երեսիս դիպչում. լաց էլ որ ըլում էր, էն գետանման արտասունքն էի միայն տեսնում. մեկ աչքն էլա չէր բանում կամ գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը՝ աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը դինջանար, աչքս իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ բաշխեր, գետնին վեր չածեր. սիրտս իրան հանեի, բաշխեի, որ բոլոր ցավն ինձ տար, ես էլ անկորուստ էսօր քեզ ամանաթ տայի, որ քանի տեսնիս, իմանաս, թե քո խեղճ, անճար Նազլուդ քո սիրովն մեռավ, քո կարոտովն գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս, հրեշտակ էլ որ ըլի, էլ թամահ չանես. էլ է՛ն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, որի վրա որ քո հարազատ Նազլուդ հոգին տվեց. որ է՛դ դոշդ էլ ուրիշի դեմ չանես, որ Նազլվի ջանը հանեց. է՛դ լեզուդ ուրիշի ջան չասի, որ Նազլվին կրակ դառավ, էրեց:

Չէ, Ա՛ղասի ջան, թե քո մերն եմ, ասածս արա՛. քանի Նազլվիդ գերեզմանն աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես կամ իգին մտնիս, ծաղկըներդ ջրես կամ պտուղ քաղես, դոշդ բա՛ց արա, նրա անունը տո՛ւր, նրա գլուխը լա՛ց իլ. թուփ չկա, որ նրա արտասունքը տեսած չըլի. քար չկա, որ նրա դոշին չըլի դիպել. ծաղիկ ու թուփ չկա, որ նրա գլուխը չըլի խտտել, սուգը տեսել, հետը սգացել, սրտի ծուխը մեջն առել ու թառամել, չորացել, որ նրա կսկիծը չտեսնի, ձենը չլսի: Թե իմ կաթն ես կերել, Ա՛ղասի ջան, թե իմ ձեռին մեծացել, քանի շունչդ բերնումդ ա, ոտդ՝ վրեդ, արի՛, արի՛, էս սուրբ հողի վրա կանգնի՛ր, ինձ էլ նրա հետ թաղի՛ր, ու հետո, աստված քեզ հետ: Քանի որ կենդանի եմ, թուր կցցեմ սիրտս, աչքս կհանեմ, ուրիշի էլ հարս չեմ կարող ասիլ, ուրիշի էլ մեր չեմ դառնալ. ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր. իմ աչքիս լիսն էլ էր սա, իմ օր ու ումբրս էլ, որ կորավ, փչացավ. սրա կոխած տեղը թե ուրիշի ոտ ա դիպել, հոգիս կտամ. սրանից ետը աշխարքս ջավահիր էլ դաոնա, էլ ո՞ւմ աչքը կգա, ո՞վ թամահ կանի: Մեռնելիս էլ՝ անկաջումն էն եմ ասել. գնա՛, իմ ջա՛նի հանող, քանի շունչս վրես ա, Աղասին էլ կարմիր չի՛ կապիլ, էլ ձեռները հինա չի՛ դնիլ, նրա հինեն վաղուց քամուն տվի. մե՛կ բարձի գլուխ դրիք՝ մե՛կ հողում պտի քնիք, ինձ էլ միջըներդ առնեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկնքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ ու աստծուն, ինչպես առա, էնպես ամանաթ տամ»:

Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քե՛զ եմ կանչում, Ա՛ղասի ջան, ձեռս ու դոշս բաց եմ արել, քե՛զ եմ կարոտ, ջանի՛դ ղուրբան: Հողն իմ ձեռովս եմ առել, որ երեսիս քցեմ, որ մատաղդ գնամ. պատանս ե՛ս եմ