Այս էջը սրբագրված է

կարել, որ մեջը մտնիմ, Նազլո՛ւն չարդ տանի. խունկս ու մումս ու ժամոցս ի՛մ ձեռովս եմ տվել, ա՛նումիդ մեռնիմ. էլ ժամ կամ պատարագ, տերտեր կամ բաժակ ինձ չի՛ հարկավոր, ե՛րեսս ոտիդ տակը: Հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, ետ դարձրել, որ մեկ էլ ձենդ լսեմ էս քառացած անկաջովս, մեկ էլ երեսդ տեսնիմ էս խավարած աչքովս, մեկ էլ էդ սուրբ ձեռդ էս քարացած դոշիս կպցնեմ, մեկ էլ էդ ազիզ պատկերը էս հող դառած երեսիս դնեմ ու էս էրված, խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ, Ա՛ղասի ջան. բաս սիրտդ էնպես մեռել, փետացել ա, որ էլ ինձ չե՛ս սիրում: Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ. սիրտս՝ լիքը, ձենս՝ կարճ, տեղդ՝ հեռու. ո՞վ մեր դարդին ճար կանի»:

Ողորմելի աղջիկն էլ չէր կարացել իրան պահի. կեսուրն էլ էն վախտը վրա հասավ, որ էսպես փետացել, վեր էր ընկել. ձեռիցը բռնեց, դողդողալով տուն տարավ ու տեգորը խնդրեց, որ գնալիս՝ էս բայաթին էլ մեկ աստվածասերի գրիլ տա, հետը տանի, որ Նազլուն վաղուց իրանից հանել էր ու ամեն օր սգալով ասում.


ՆԱԶԼՎԻ ՍՈԻԳԸ


Գարունքը բացվել ա, դաշտեր կանաչել,
Ծառերը ծաղկել, սարեր զարդարել,
Բլբյուլն իր վարդի սիրովն կշտացել,
Հենց ե՛ս, ա՜խ, սիրույդ կարոտ մնացել: Ա՜խ, կարոտ…


Ինչ քար տեսնում եմ, դո՛ւ ես առաջիս.
Ինչ խոտ կոխում եմ, դո՛ւ միտս գալիս.
Աղբրի ջուրն էլ ք՛ո համն ա տալիս,
Հանդի ծաղիկն էլ ի՜մ օրը լալիս: Ա՜խ, օրս լալիս…


Աչքիս լիսն էլ, ա՜խ, լալով փչացավ,
Ա՜խ, ո՜խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավ,
Ասեմ էլ, երաբ, ո՞ւմ սրտին կտա ցավ: Ա՜խ, կտա…


Չե՛մ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ.
Սի՞րտ ունին նրանք, որ իմ դարդս ասեմ.
Արի՛, արեգա՛կ իմ, քեզ կարոտ եմ: Ա՜խ, քեզ…


Երաբ քո սիրտն էլ հետս ցա՞վում ա,