Այս էջը սրբագրված է


Հալալ արե՛ք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում, քանի աչքը բաց՝
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր արածը:


Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար.
Ի՞նչ կըլեր՝ աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն:


Երաբ, յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն, թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ-ձեռի տված
Աղջիկ ու հարսներ, ձեր մոտին նստած:


Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ.
Երա՜բ, որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,


Մեկ-մեկու ասեն՝ մեզ չմոռանա՛ք.
Պահի՛ր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ.
Երա՜բ, իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ,


Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասիլ,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ.
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ


Մտքիցս, ու նրանց սերն սրտումս կպահեմ,
Հետս ման կածեմ, հողը կտանիմ.
Աստված թո՛ղ ձեզ տա, ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ, սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:—