Այս էջը սրբագրված է

Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի: Էսպես արինք, որ մեր տունը քանդվեց, է՜: Գնացե՛ք աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք: Ես իմ տղերքանցովն էս տեղանց էլ դուս գալու չե՛մ: Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը: Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ. ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի:

Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են, հավասար ճոթ անեն: Ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ-մեկ ձեռք քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն. ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց: Էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ, կտրիճ տղերք կանգնեցին, խնդրեցին, որ իրանց էլ ընկեր շինի. նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը ետ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ, եկեղեցի բոլոր իսկույն ման էկավ, ու հարավային քարափի գլխի բուրջը իստակել տվեց, մեկ-երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնեն, ու ինքը՝ սիրտն ու թոքն էրված պատանին, ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ ետ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.


Ա՜խ, վաթան, վաթան, քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել, մնացել ես անջան:


Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
Էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ, հիմիկ անտեր:


Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը: