Այս էջը սրբագրված է

իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան: Էսպես՝ հեռըվանց խոսալիս էլ էնպես էին խփում գլխըներին, որ աչքըների լսին կրակ էր տալիս:

Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին, ու կրակը չաղ կըլեր, սարու ձոր մութն առավ. մեր քաջ հայերը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար ետին բարովն ասացին, ձիանները թամքած՝ մեկին պահ տվին, ու իրանք աստծու անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով, որ ղուշը չէր իմանալ: Հինգը մեկ կողմից գնաց, հինգը՝ մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային, որ բոլոր մեջ անեին, թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին ու, որքան կարելին ա, հայերին արձակեին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն յարաղիցն էլ ջուխտ-ջուխտ ունեին: Չորս քուրդ էլ, որ բռնել էին, Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա: Էսպես՝ բոլորը քսանըչորս մարդ, պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային: Լսողը չի զարմանա, թե ի՞նչպես կարելի ա: Քաջությունն սրտիցն ա կախված. մեկ էլ որ ինչ-<քան> կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս, է՛ն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունն ու քչությունն: Սրանից գյուման, Աղասին պատվեր էր տվել, որ հայերեն յա թուրքերեն հեչ չխոսան, քրդերեն հարայ տան, հավար կանչեն, ու էնքան եսիր արած հայի միջումն ի՞նչպես կըլեր, որ մեկ-երկու հարիր տղամարդ չըլեր. որ սուր չունեին, էնդուր համար էին խղճացել:

Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ-ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի ետևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնըհինգ-քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու հարամու փախչիլը մեկ էլավ: Աղասին, իր ընկերների կեսը վրեն, ձորի ճամփեն էր կտրել, մյուս կեսը՝ հարիրից ավելի հայ բացարած, քամակներին քցած, ձորի ետևը: Մեկ քսան-երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ ետ արին, ու էս հալևոր աժդըհեքը, որ կռվումն էր մազերն սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան. որը միջիցը, որը ձորի քամակիցն ու ետևիցը էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ աստված ո՛չ շհանց տա: Ղարսցի հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած. ինչ տեղ փշտով, թվանք էր տրաքում յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէ՛ր անց կենում: Մենակ Նաղի խանը ու Օքյուզ աղեն, ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մեկ քանի մարդով դուս փախան: