Այս էջը սրբագրված է

Հենց մեկ էլ ձեռըներն անկաջներին դրին, չոքեցին ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին. ձիանքը թոկ ու ղանթարղա կտրեցին, երկու հազարից ավելի՝ յափունջի, թուր, թվանք, գետնի վրա մնացին, ու ղզլբաշի շատը անգդակ, բոբիկ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից յա քաջքից ավելի ո՛չինչ չէին կարծում: Ղոչաղ հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին: Գազան Հասան խանի լավ աջալն էկել, հասել էր, ամա նրա բախտն էր, որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան. մինչև փիադա հայի տղերքը նրան կհասնեին, սրանք ներքև էկան, Հասան խանին ձիու վրա դրին ու թռցրին: Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց: Հազար մարդից ավելի հոգին տվել էին էսօր, մյուսքը՝ որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա-փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վերընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կացել, ճապաղել: Շատին հենց էսպես տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան: Թո՛ղ նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի: Հարիր ավելի գերի էլ էս օր ձեռք բերին:

Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երևան դողում էր: Էն ժամանակը ես ինքս էջմիածին էի, որ Հասան խանը էնպես փախած՝ էկավ, անց կացավ: Առաջուց մարդ էր ուղարկել, որ էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին: Բայց ձեն հանեցին, թե քրդերը ճամփին վրա են տվել, ու Ղարս ցավ էր ընկել:

Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց, գնացին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս էկավ, մարդ քցեց ամեն տեղ, որ ղարավուլ քաշեն, տեսնին, թե հարամու ոտքը կտրվե՞լ ա, թե՞ էլ ահ կա: Գոհություն աստուծո, ոչինչ չտեսան, ետ դառան: Մեռած մարմինները որը քարափնըվեր ձորը շպրտեցին, որը՝ հորերը. մնացած ձի, հարստություն ճոթ արին: Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար: Մութը գետինը չառած՝ ամեն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հավաքեց: Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ, թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ: Նրա միտքն էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի՝ իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրտեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն Գյումրի, ռսի ռահաթ դառնան ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն: