Այս էջը սրբագրված է

դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի: Բայց ի՞նչ օգուտ, որ ասածս քարերն են իմանում: Ասենք, թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա, կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել: Առաջինը՝ սուրբ մարդի բերնից անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ էկավ, Արարի՛չ, երեսս ոտիդ տակը, դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցընե՞ս: Թե պետք է կորցնեիր, ինչի՞ ստեղծեցիր: Ա՜խ, հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չե՛մ կարում ասիլ:

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ որ չի՛ բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել: Նա իմացել էր, որ Ղարսա էլլիգը Հասան խանը քոչացրել, ուզում էր, որ բերի, Երևան ածի: Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ, որ իրան դեմ կենան: Հասան խանին որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար: Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել. մինչև առավոտն սպասիլ չէ՛ր ուզում, կասկածում էր, թե նրանց գլխին էլ է՛ն բերեն, ինչպես մյուս հայերի, ծեր ու պառավ սուրը քաշեն: Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած՝ ընկավ դուզը: Էն հադաղին վրա հասավ, որ նոր էկել, վեր էին էկել, ու շունը տեր չէ՛ր ճանաչում. քոչ-քոչ<ի> վրա վե՛ր էին թափել, ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում: Թշնամին էնպես ցրվեց, տաղըթմիշ էլավ, որ մեկը չմնաց: Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած՝ ձեն տվին էկողներին, որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն: Երկու հազարից ավելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը յավաշ բերեն, շատը հայ, ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան, թե էկողները ռուս են, բոլորն էլ թոփ-թոփխանա թողին ու ձորը թափեցին: Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա:

Ինչպես որ էր, գիշերն անց կացրին: Առավոտը որ լուսացավ, աստուծո լիսն ընկավ հայերի սիրտը: Էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէ՛ր ըլիլ: Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, հայքը ետ չի՛ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ ետ դեպի Ղարս շուռ տվին: Աղասին շատ ուզեց, որ ռսի հողն էլա գնան, չէլավ. որը կամենում էր, որը՝ չէ : Ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած՝ գալիս էր, որ իր ռհաթը ետ դարձնի: Պետք է ասած, որ թե Ղարսա, թե Բայազդու փաշեն հայերին իրանց որդու պես էին սիրում:

Փաշեն մնաց սառած. երազ էր կարծում աչքի տեսածը: Նա էնպես էր