Այս էջը սրբագրված է

որ ասածը գրի, թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը՝ ֆլան, անթիվ զորքով գալիս են, որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը: «Կարաո՜ւլ» ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստիան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն ետի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած. ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց: Կտրիճ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարավուլի, բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ: Քաջ գեներալը, թե եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը, կարելի ա, պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասիաթը լավ գիտելով՝ տեղը մնաց կանգնած, ու էլ էկողին ժամանակ չտվեց, որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա: Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր: Երկար Ժամանակ լեզուն խոսք չէ՛ր բռնում: Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց.

— Կնյա՛զ, թադարեքդ տե՛ս, որ էսօր ա՝ ձեզ դաղթմիշ կանեն, էս գիշեր ա՝ նմանապես:

Ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի՝ ի՞նչ, Ապարան, Դիլի՝ ի՞նչ, ու քսան-երեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ-էնտեղ կոտորելով՝ ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել: Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս, թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ-երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, ընկել ռսի հողը, ընկել, որ գա Թիֆլիզ, իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել:

— Ղզլբաշի շատը, որ ինձ հետ էին ածում, հենց նոր քամակիցս ռադ էլան. երբ ձեզ տեսան, փախան. հմիկ ի՞նչ գիտես, էնպես ա՛րա. գլուխս ետ եմ դրել, որ ռսին ղուրբան անեմ: Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում: Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ: Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ՝ մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ: Ի՞նչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրո՛ւ: Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը, չեմ ուզել: Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն. հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել. սար ու ձոր ոտի տակ եմ տվել: Միտքս էն էր, որ Անի