Այս էջը սրբագրված է

ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, հայոց ազզը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էսօր իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլա էսպես օրինակ չունի:

Երևան թևին տվեց, երբ ռուսաց զորքը իր մեջը մտան: Էջմիածնի խնկի, մմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ: Քաջահաղթ հսկայն՝ կոմսն Երևանի, Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն:

Էն ժամանակվան խաղերը, որ հանել, ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ, թե թուրք ու հայ հենց իմացան, թե աստված վեր էկավ իրանց համար: Հարիր տեսակ խաղ՝ հայերեն, թուրքերեն, Երևանու բաղերն ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր, ուրախ վախտը, ձեռը բերնին ա դնում ու ասում: Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ:


Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան.
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի:

Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սիրտս էդ քարը մի՛ քցի:


Մատաթովն Ղարաբաղ առավ, ազատեց,
Կրասովսկին Ապարան ոտնատակ տվեց:
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վա՜յ տվեց:
Բեկենդորֆն Սարդարին ջախըբուրդ արեց,
Ասլանի գլուխն արծվին ռուսն մատաղ արեց:

Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՛, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՛վ և այլն:


Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի՝ հոգևոր տիրոջն ղուլ դառնամ: