Այս էջը սրբագրված է

քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել:

Էջմիածնա եպիսկոպոսունքը, որ բերդումը, հենց բռնի՛ր, մաշվել, հետին թելն էին ընկել, մեկ կողմից, Շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես, թե քաջն Վարդան նո՛ր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան:

Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, աչքը բռնել, լալիս, որ հռովմայեցվոց գազան բնությունը նրանց արինը խմեց, կշտացավ, Պասքևիչ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում, Տիգրանա, Վաղարշակի, Անիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել: Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս.

— Տե՛ս Հայկ աստղի կամարը. է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գրքումն քո անունը գրվեց, փրկի՛չ որդվոց մերոց: Էնտեղ տարանք քո մեծագործության պատգամը: Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը:

Հայկա որդիքն էին նրան երկրպագություն տալիս, հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում, հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել, նրան պատվում, պաշտում: Երևանու բերդի անվան կեղտը պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, երևանցվոց, հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար: Ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս չվերանար, չմեծանար: Ի՞նչ աչք ըլեր, որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար, ծով չդառնար: Նա արեգակ էր դառել Հայաստանի, ոուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուռ կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ: Հասան խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում. նա չէ՛ թե Սցիպիոնի պես իր ազգի կատաղի բնությունն իմանալով՝ ոտնահար արեց, այլ ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝ էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց, որ ճամփու քցեն, գնա, դհա ավելի իմանա, թե ո՜րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց: Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին, իրանց մեծահոգությանը ապավինելիս, նավ քցեն, որ գնա, իր դառն օրը Ովկիանոսի միջումը վերջացնի, չէ՛: Ռուսք իրանց թշնամուն, էնպես անարգ հոգուն էլ, ցույց տվին