Այս էջը սրբագրված է

իր արդար, սիրելի հայոց ազգին փրկություն բերի: Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել: Չէ՛ր իմանում, թե Երևա՞ն ա տեսածը, թե՞ Թիֆլիզ: Է՛ն պուճախներումը, է՛ն ձորերումն ու բաղերումը, որ սև ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, ռուս էր տեսնում ցրված, նստած. ո՞վ չէր տեսածը երազ համարիլ յա հրաշք:

Էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինկը տված, որ մեկ քաղցր ձեն ետևիցը որ «Հա՛յր սուրբ ջան» չասեց ու ձեռն առաջ դոշին, հետո երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց:

— Հա՛յր սուրբ ջան, սրբազան տե՛ր. ա՜խ, էս ի՞նչ օր ա,— մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ:

Սմբատով ջան, Երուսալեմսկի ջան, ո՛րդիք. թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը: Թե որ մեկ քանի օր էլ աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը էլ ետ իրանց աշխարհը բերեմ, էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՜խ, հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ: Խնդրեցե՛ք, խնդացե՛ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք, ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ աստված լսի, էլ ուրիշ բան չե՛մ ուզում: Հայաստա՛ն, Հայաստա՛ն, տո՛ւր ինձ քո սիրտը, տու՛ր ինձ գերեզման: Էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ, չի մոռանաս քո սև, դառն օրվան նեղությունն, տանջանքն. կա՛ց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանի՛ր, էլ քո զավակը գերի մի՛ քցիր: Սուրբ հողդ իմ երեսս, ընտի՛ր Հայաստան, աթոռ աստուծո, տուն Արշակունյան: Ախր ո՞րտեղանց որտեղ թռաք, էկաք, սիրելի ո՛րդիք, որ ձեր Հայրենիքը տեսնիք,— վերջապես հարցրեց սրբազանը զարմացած՝ աչքերը սրբելով ու էս ազնիվ հայկազանց գլուխը դոշին կպցնելով,— ախր մի ասեցե՛ք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ որ էս սհաթին իմ սիրտն իմանաք, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, հայոց ազգի բարի շառավիղք: Էդ ո՞ր աստվածը իմ մեղավոր սրտի խոհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց:

— Մենք էլ հենց է՛դ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա, չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք, էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունն առնինք, մեր Հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա, ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիմա: