Այս էջը սրբագրված է

էլավ, առաջին՝ քոնը մեր մտավ. էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի. էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի. էս մարմինը, որ ինձ պետքը չի՛, քե՛զ, թո՛ղ քեզ ղուրբան ըլի, քե՛զ. ինձ ո՞ւր ես թողում, դու գնում. ինձ ո՞ւր ես թաղում, դու թռչում. երկիրն մեկտեղ վայելեցինք, օրորոցում, չոլում դու էիր իմ կենաց ընկերը, դու՝ իմ սրտիս սիրեկանը, ես՝ քո ազիզ բարեկամը: Մկամ հերնըմեր, որ քեզ լաց չըլին, ազգական, սիրելի՝ վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին՝ քո պահած որդին, քեզ կուղարկի, ինքը կմխիթարվի՞, քեզ հոգին կտա, որ հետդ չի՛ գա՞. չէ՛, չէ՛, էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ. դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ. մարմնիս աչքը քեզ չի՛ տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ. Թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Ա՛ղասի ջան. սուր խրեն սիրտս, էլի կխնդամ. կրակ վառեն գլխիս, էլի կցնծամ. տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ ետ չմնամ… Ա՜խ…

— Ա՜խ, էս ո՞ւմ ձենն էր, որ լսեցի. քար առե՛ք, ա՜յ ջամըհաթ, ինձ սպանեցե՛ք. սուր առե՛ք, ինձ թիքա-թիքա արե՛ք,— մեկ ձեն էլ խալխի միջիցն վեր էլավ ու, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց:— Մոսի՛, ո՛րդի, առաջ ի՛նձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր. քո հալևոր հորը խեղճ արի՛. էս սպիտակ մազերը քեզ ղուրբան, բա՛լա ջան: Թո՛ղ մեկ շունչդ էլա առնիմ, է՜. վա՜յ իմ գլխիս, արևիս: Մո՛սի, Ա՛ղասի. երկի՛նք, քանդվեցե՛ք, աշխարք, հիմքդ կործանվի՛: Հա՛սան խան, դժո՛խք, դժո՛խք. ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք: Մո՛սի ջան, բալա՛ ջան, դու ինձ թողիր, դե՛, կշտացի՛ր. ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձե՞ռները պետք է քեզ թաղե՞ն. ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն: Գնա՛ք բարով, ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով. սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով հոգիս ձեզ կտամ, մարմինս՝ հողին, որ ձեր առաջին, աստուծո բեմին, իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնըմերով,— ասաց ողորմելին:

Թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գոռաց, օրը խավարեց. թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու Վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էսօրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի: