Այս էջը սրբագրված է


Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ հայոց ազգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց, չկշտացավ.
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց:
Դո՛ւ, քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,
Ա՜խ, էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուգն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը, նազելի՛ Մուսա:
Քեզ թո՛ղ Աղասին, իմ սիրուն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն, ա՜խ, առնիմ, հետո ես գալիս՝
Իմ ագգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չզրկեն, չասեն.
«Անիրա՛վ որդի, մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»:
Ո՛չ, քեզ՝ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա,
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ ձեր առաջին
Ես, ա՜խ, պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ:—


<ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐՋԸ>