Այս էջը սրբագրված է

փուշ կրծելով, ծամելով, ղոթուր անկաջները թափեթավ տալով, իր սև օրիցը բեզարած, ձեոք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու, հայվան՝ մեկ խղճալի է՛շ, պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ-ծլունգ ըլին, ջահելությունը միտքը քցեն, որ մեկ քեֆը բացվի, սազը քոքի, ու հետո իրանք իրանց բանը տեսնին, մաքրազարդեն: Սրանց սոսկալի ձենի հետ էլ որ ձորերի միջիցը, քարափների արանքներիցը, ապառաժների գլխներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չոլերիցը, բներիցը մեկ կատաղած արջ կամ խորամանկ աղվես, կամ վախլուկ չախկալ, կամ մեկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ իրանց սոսկալի, զարզանդելի ձեներն իրար չեն խառնում, գոռում, մոռում, բռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում,— կամ անքուն աքլորները իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ՝ լեղապատառ, սասանահար վախտ-բեվախտ որ չեն թրպրտում, թևըները թափեթափ տալիս ու ճղլանի ձենները նեղ բողազներիցը՝ մեկ խոր ձորից, մեկ փոսից, մեկ բաշից յա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ ետ ծղրտալով կանչում,— կամ հիմիկ ռսի սալդաթը, էն ժամանակը թուրքի ղարավուլ սարվազը, ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դիվանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սարն առաջին հանած, մահապարտ մեղավորի պես որ ուզում ըլին՝ հոգին հանեն, թե բերանը բաց անի յա ծպտա, սևամորթ փափախը խոր, քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս՝ ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մեկ մութը պուճախից կամ մեկ բուդկի տակից որ գլուխը չի՛ հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձենով «Սլո՜ւ-շա՜յ» կամ «Խաբա՜ր-դա՜ր, սա՜ր-հե՜-սա՜բ» գոռում, կանչում:

Որ քամին մեկ կողմից, բուքն ու բորյազը մյուս դեհից, ինչպես կատաղած դահիճ, սրարձակ ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով՝ սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն թո՛զ, ա՛վազ, հո՛ղ, ա՛ղբ, զի՛բիլ առաջն արած՝ փոսերիցը հանում, պատեպատ չի՛ տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու՝ ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուղք մյուս ճղքի, մեկ պատ մյուս պատի, մեկ տախտակ մյուսին չի՛ սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցքում, մեկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թրխկացնում ու մեկ կիտուկ հող, ավազ՝ շունչդ քաշելիս կամ աչքդ բանալիս, էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի՛ խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խավարացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլլի պես կամ սուր նետի նման վզվզալով,