Այս էջը հաստատված է

դուշմանի գլուխը չի՛ գա, ինչ նրա գլուխն էկավ. մեկ դուրում տաք-տաք, կովի էր թե գոմշի, չգիտեմ, մազա էլ էս վախտը բերանն ընկավ ու սրբություն, խաչ, ավետարան աչքիցն ընկավ: Էլ թուք ասես, վատ խոսք ասես՝ նա էր, որ կվաթաթախ բերնով տալիս էր ու ասում:

Ծանրագլուխ տանուտերը ընչանք հմիկ էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապըները կտրել, իրար գլխով ընկել, ու տանտիկինն ուզում էր, որ տուն անի. աչքը ցցեց դռան մեջը թե չէ, տունը գլխին փուլ էկավ: Մերու արջի պես բղղալով, ճղղալով, էստուր-էնդուր գլխին բամբաչելով որ վրա չի՛ հասավ, որ իր խաթունին էս դժոխքիցն ազատի, սատանի աչքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, գլխի վրա որ մաղալաղ չտվեց՝ շրը՛փ, չը՛խպ, ինչ նա տեսավ, քո դուշմանի գլխին չգա. երեսի վրա էնպես խրվեց էս կվի մեղրի կճուճումը, որ աչք, ունք, բերան, քիթ, միրուք էնպես ներկվեցին,որ հազար ուստա քիսաքսող էլ որ էլել էր, էնպես ադաթին, լազաթին՝ հինա չէ՛ր կարող իր օրումը քսիլ:

Դարդիմանդ տանտիկինը մարդի խայտառակությունը տեսավ թե չէ, իր ցավը մոռացավ ու տեղիցը ժաժ էկավ, որ իր հալևորին մի քիչ քոմակ անի. հալևորն էլ հենց է՛ն էր ուզում, որ գլուխը էս անոշ բարձիցը բարձրացնի ու իր խաթունի՛ն էս ռուսվայությունիցը ազատի, ձեռըները իրար չի հասան, քամակ-քամակի դիպավ. ա՛ռ քեզ տրաքոց. էլ ետ դուբարա իրանց վարդահոտի մեջը էնպես խրվեցան, որ երկու լուծ գոմեշը անջախ կարող էր նրանց էստեղանց հանի:

— Տո՛, ջրատա՛ր, տո՛, գլուխդ հողեմ, ախր ի՞նչ բանըդ էր կտրվել, որ դու էլ էկար, էստեղ ընկար: Ես քիչ ռուսվա էլա, դու էլ ուզեցար, որ հետս ընկեր դառնա՞ս: էս հո խուրմա չէ՛ր, որ մենակ ուտեի, քեզ չտայի, ի՞նչ էր սիրտդ պատռում: Կրեմ էդ գլուխդ, որ դու ես: էդ հունարիդ տերն ես, որ մեկ էշ բզիլ չե՛ս իմանում: Ժամն էլ գլխիդ խռով կենա՛, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ: Մենք մեր բարիկենդանն արինք, հըմիկ որ ջհանդամը գնում են, թո՛ղ գնան դրանք: Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխել: Էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ. գեղի, աշխարքի միջում խայտառակ էլանք: Մերը մեզ հասավ: Թե մենք, թե մեր գզիր Կոտանը: Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի:

— Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենըդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած