Այս էջը հաստատված է

հենց իմանում էր, թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ: Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր, թե ոտը գետնիցը կտրվել ա, թև առել, թռչում. ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ, արքայությունն էլ: Է՛նպես էր կարծում, թե նո՛ր ա ծնվել, ու ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին-գլխին էր անում ու, ինչպես ութ տարեկան երեխա, խնդում, ծիծաղում: Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի: Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս՝ հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար՝ ծաղիկ: Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս՝ նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի:

Էս հասակը հասել էր նա, նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէ՛ր էլ ասել, թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ: Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան. գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր: Խանի, բեկի մոտ գնալիս՝ նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած: Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրճությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը: Շատ անգամ, ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում: Փահլևանները հո, նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում: Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր անում: Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտենա: Բերդումը շատ անգամ, հանաքըվեր, ոչխարի տեղ եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛կտրի, ու մնա ամոթով, բայց քաջ երիտասարդը մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը է՛ս կողմն էր թռչում, լաշն՝ է՛ն:

— Հայի՛ֆ, հայի՛ֆ, որ հայ ես,— ասում էր սարդարը շատ անգամ, գլուխը պտտելով,— թե որ թուրք էիր էլել, խանություն պետք էր քեզ տված:

Կռվի միջումը, էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին, նետի պես արձակվում, ընկնում էր ղոնշունի գյուռ տեղը, ասլանի պես որին էս կողմը, որին էն կողմը քցում, ջախըբուրդ, թիքա-թիքա անում ու օսմանցվի մազերիցը բռնած, քաշ-քաշ անելով՝ հետը սուրութմիշ բերում, սարդարի առաջին կանգնացնում:

— Ասլա՛ն Բալասի (առյուծի ճուտ),— սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում,— ի՞նչ կըլեր, որ քեզանից մեկ տասն էլ ունենայի. քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞ չէր քեզանից մեկ չորսն էլ բերում. աֆա՛րիմ, բա՛րաքյալլա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՜տ ունենամ: