Այս էջը հաստատված է

բռնի, Վաղարշակ Պարթևն՝ իր եղբայր Արշակա ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց, նախարարներ հաստատեց, Տիգրան՝ արքա արքայից, Ասորոց աշխարհն իր ձեռի տակը բերեց ու կարթագինացոց հսկային՝ Աննիբալ զորապետին, իր մոտ հրավիրեց: <Է՛ն աշխարհը>, ուր որ քաջահաղթն Տրդատ՝ Հռովմ իր քաջությունովը ու իմաստությունովը զարմացնելեն հետո, էկավ, իր հայրենական հողին տիրեց ու ալանաց, պարսից շունչն ու ոտը կտրեց. ուր որ որդին աստուծո երևեցավ ու սուրբ Լուսավորչու՝ Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց: Է՛ն տեղը, որ Վարդան Մամիկոնյան, Վահան՝ ընտիր եղբայր նորա, անօրինակ քաջությամբ, որ աշխարհ դեռ չի տեսել, իրանց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվը արընով գնեցին: է՛ն տեղը, որ Վռամշապուհ բոլոր աշխարհի լուսավորությունն ու իմաստությունը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց: է՛ն ընտիր աշխարհը, ուր Ռուբինյանք, Բագրատունյանք՝ իրանց՝ հազար թշնամու ձեռի անտեր մնացած Հայրենիքը (վաթանը) էլ ետ գերեզմանից հանեցին, էլ ետ նո՛ր հոգի տվին: Է՛ն օրհնյալ հողը, ուր ասորիք, պարսիկք, հոնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուրտեղ որ սար չի՛ մնացել, որ արին չտեսնի, քար չի՛ մնացել, որ մարդ տակով չանի, ու հարիր մեր հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էսօր ո՛չ նրանց շունչը կա, ո՛չ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անհաղթելի Հայկա որդիքը իրանց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելեն ետև որ տեսան, թե է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին, որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա թե Ասիա, Հայոց հողովը պետք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գլխըները գոգները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ-սրտի տված, հոգի-հոգու կպցրած, մինչև էսօր էլ իրա՛նց գլուխը, իրա՛նց սուրբ հավատը, իրա՛նց սուրբ օրենքը է՛ն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի: Է՛ն աշխարհը, է՛ն անօրինակ ազգն էր էս վերջին ժամանակը, շունչը բերանը հասած՝ աչքը երկինքը կթել, որ ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի:

Քսան տարու միջում լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացոց ոտը ողորմելի Ամերիկա էնպես քանդեց, ջնջեց, հողի հետ հավասարեց, որ հինգ-վեց միլիոն ազգերիցը էսօր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած՝ վայրենի գազանների պես են իրանց սև օրը լալիս