Այս էջը հաստատված է

տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղոթարանի առաջին մեծ բազմություն կա թոփ էլած. թե՛ նրանք, թե՛ մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս, թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած՝ է՛նպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում: Նրա առաջին մեկ քանի ջահել աղջըկերք՝ մազըները ցրված, խճճած, կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած, մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուգ են անում: Մեկ քանի ջահել տղա էլ աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուգն են ետ ասում: Մեկ քանի ձիավոր էլ՝ թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա, թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել: Օրինակի խաթեր, մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՞նչպես են մեր համշարիքն իրանց սուգն ասում:


ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈՒԳԸ


Առաջին բոթաբեր


Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:

Էլ ի՞նչ եք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ.
Ճար ունիք՝ տեսե՛ք, ի՞նչ եք շվարած,
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ:

Էզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին.
Զորքն էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է տալիս մեզ չար հարամին:

Մեր քաջ արաբի ագգի էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանգն ընկավ: