Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/112

Այս էջը հաստատված է

— 109 —

Վերցէք 3—4 ֆ. տաւրի միս (լանջից, տես պատկ. № 9), լուացէք սառը ջրով, դրէք թաւի վերայ, աղ արէք, աւելացրէք մանր կտրտած գազար, սոխ, նեխուր, մաղդինոս, ածեցէք 1 բաժակ թթուաջուր (կվաս), դրէք հնոցի (թխարան, փուռ) մէջ, միսը շուտ շուտ շուռ տուէք և աւելացրէք թթուաջուր: Երբոր միսը պատրաստ կը լինի, սօուսը թաւից ածեցէք կաթսայի մէջ, մի քիչ հովացրէք և քաշեցէք երեսի չաղութիւնը. կէս գդալ եղը հարեցրէք կէս գդալ ալրի հետ, ածեցէք սօուսի մէջ, դրէք հնոցի վերայ և խառնեցէք փայտէ փոքրիկ թիակով, մինչև որ ալիւրը և եղը միաւորուին և ալիւրը նկատելի չը լինի։

Այս տապական կարելի է մօտ բերել զանազան տեսակ սօուսներով, որոնք յիշուած են ներքևը № 190:

125) ՏԱՊԱԿՈՒ ԱՄԵՆԱԼԱՒ ՏԵՍԱԿԻՑ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—5 ֆ. տաւրի միս (չալաղաջ տես պատկեր № 7), աղ, հասարակ պղպեղ, ¼ ֆ․ եղ, 3-4 հատ պաքսիմատ (սուխար)։

Նախընթաց երեկոյեան վերցրէք 3—5 ֆ. տաւրի միս, մի որ և է մաքուր փայտով լաւ ջարդեցէք, տրորեցէք 2 թէյի գդալ մանրացրած աղով և մի գդալ հասարակ պղպեղով, դրէք մի որ և է հողէ ամանի մէջ, ծածկեցէք և թողէք այդպէս մնայ մինչև հետևեալ օրը: Ճաշից 2 ժամ առաջ միսը դրէք թաւի վերայ, գցեցէք ¼ ֆ. լաւ եղ, դրէք կրակին, երբ որ միսը կը կարմրի, տակը մի քիչ ջուր ածէք, տապակած մսի վերայ ածեցէք մանրացրած պաքսիմատ:

Ինչպէս այս տապական, այնպէս էլ նախընթացը՝ № 189 կարելի աւելի ճոխացնել հետևեալ համեմունքով։

1) Տապակած կարտօֆլով № 146:
2) Ոսպով № 151:
3) Խնձորի կամփոտով № 366։
4) Խաշած խնձորով № 152։
5) Տապակած դդումով № 153: