Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/193

Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ ԺԴ

ՊԱՂՊԱՂԱԿ, ԿՐԵՄ, ՊԼՈՄԲԻՐ ԵՒ ԿԱՄՓՈՏ

Ա) ՊԱՂՊԱՂԱԿ (мороженое)

Ծանօթագրութիւն: Պաղպաղակի համար պէտք է առանձին ձևով՝ երկայն և նեղ դոյլ (վեդրօ) շինել տալ, որի տակը մի անցք լինի թողած սառոյցից հալած ջուրը դուրս թողնելու համար: Դոյլի յատակի վերայ պէտք է սառոյց ածել և վերան էլ աղ շաղ տալ, կաղապարը (ֆօրմա) պէտք է դնել այդ սառոյցի վերայ և շուրջն էլ լցնել սառոյց և աղ: Մի կաղապարի (ֆօրմա) համար (6 մարդու բաժին) բաւական է 3 ֆ. աղ, այսինքն 6 բաժակ, իսկ աւելի մեծ կաղապարի համար 6—7 ֆ.

Կաղապար սառոյցի մէջ պէտք է ձեռքով շարունակ պտոյտ տալ, որի համար բաւական է ¾ ժամ:

Սերի պաղաղակը (սլիւօչնոյէ մարօժենոյէ) պէտք է հետևեալ կերպով պատրաստել. վերցրէք ամենաթարմ սեր (որը ոչ խիստ չաղ և ոչ խիստ լղար լինի), կամ ամենաթարմ կաթ. ձուի դեղնուցները մաղած շաքարի հետ լաւ հարեցէք մինչև սպիտակելը և խառնեցէք սերի հետ, ածեցէք կաթսայի մէջ և դրէք կրակին, խառնեցէք մինչև թանձրանալը, բայց եփ չը տաք. որպէս զի իմանաք եփելը բաւական է թէ ոչ՝ թիակը թաթախեցէք մէջը և կաթացրէք, եթէ կաթիլը մնայ թիակի ծայրին, ինչպէս մի որ և է թանձր հեղուկ, օր. թթուասեր՝ նշանակում է այլ ևս եփել չի հարկաւոր, կրակից յետ դրէք և շարունակ խառնելով հովացրէք, անց կացրէք մաղի միջով ուղղակի կաղապարի մէջ, երեսը թղթով և իրա խուփով ծածկեցէք, դրէք սառոյցով դոյլի մէջ և շարունակ պտոյտ տալով սառեցրէք:

¼ ժամից յետոյ խուփը մեծ զդուշութեամբ վերցրէք, այնպէս որ մէջը սառոյցի կտորներ չ՚ընկնեն, փայտէ թիակով կողքերը քերեցէք և յատակի սառած մասն էլ խառնեցէք դէպի վերև և թիակով լաւ հարեցէք, դարձեալ ծածկեցէք թղթով և խուփով և պտտեցէք