Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/46

Այս էջը սրբագրված է

— 43 —

բոլոր միսը տերևի մէջ թաթաթելուց և կաթսայի մէջ կարգ֊կարգ դարսելուց յետոյ, ածեցէք վերան այնքան ջուր, որ տօլմաները հազիւ ծածկուին, դրէք կրակին և եփեցէք, յետոյ ջուրը քամեցէք, իսկ տօլմաները մնան կաթսայի մէջ, աւելացրէք վերան մի գդալ եղ, մի քիչ խաշեցէք, բայց աշխատեցէք, որ կլօլակները (դօլմայ) չը ճխլուին, այլ ամբողջ մնան, դուրս տուէք սկուտեղի (բլուդ) վերայ. այդ ժամանակ պէտք է պատրաստի ունենաք անձեռոցիկի մէջ քամած և մի քիչ ջրի մէջ բացարած մածուն, այդ մածունը ածեցէք սկուտեղի կլօլակների վրայ, քրոքւմը բաց արէք տօլմի ջրի մէջ, բամբակով վերցրէք և կաթացրէք մածունի վերայ. ցանեցէք վերան՝ միասին խառնած մանր աղած դարչին և շաքար։


37) ԴԱՐՁԵԱԼ ՏՕԼՄԱՅ ԿԱՂԱՄԲԻ ՏԵՐԵՒՈՎ

Պատրաստեցէք բոլոր նախընթացում յիշած հարկաւոր պիտոյքները, բացի մածնից, դարչինից, շաքարից և զաֆրանից․ փոխանակ վազան տերևի վերցրէք կաղամբ։

Պատրաստեցէք ճիշտ նախընթացի նման. № 36, փաթաթեցէք խաշած կաղամբի տերևի մէջ և եղով խաշելուց յետոյ ածեցէք իրա ջրով ուղղակի սկուտեղի վերայ, եփելու ժամանակ սրա ջրի մէջ կարելի է և չորացրած սև ճանճուռ գցել։


38) ՔՈՒՖԹԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. ոչխարի տաք միս (բդից), 1 գդալ ալիւր, 2 ձու, 3 հատ սոխ, պղպեղ, (1 սեղանի գղալ օղի, կաթ) 1½ ֆ․ բրինձ, ½ ֆ. եղ, աղ, 2—3 հատ պիտնայ, թարխուն և համեմ։

3 ֆ. ոչխարի նոր մորթած, բոլորովին տաք միսը դրեցէք տափակ քարի վրայ և փայտէ մուրճով (չաքուչ) այնքան ծեծեցէք, որ բոլորովին փափկի և ղառնայ նոսր հունցած խմորի նման, մէջը գցեցէք 1 սեղանի գդալ աղ, դարձեալ շարունակեցէք ծեծել, առանց դադարեցնելու. մսի լաւ ծեծելուց