Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/93

Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ Դ

ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿ ԿԱՆԱՉԵՂԷՆ, ԸՆԴԵՂԵՆ ԵՒ ԱՐՄՏԵՂԷՆ ՈՒՏԻՍՈՒԱՅ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

138) ԿԱՆԱՉ ԼՈԲԻ ԵՂՈՎ—ՁՈՒՈՎ, ԿԱՄ ԸՆԿՈՅԶՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—4 ֆ. թազայ կանաչ լոբի, ½ ֆ։ եղ, 4 հատ սոխ, 2 արմատ ռեհան, 2 արմատ կոռթին (քոնդար), 2 արմատ շվիթ և համեմ, 5—6 հատ ձու։

Վերցրէք կանաչ լոբին, ծայրերը կտրտեցէք և կպած թելը քաշեցէք մէկ ծայրից մինչև միւսը՝ թելերը հեռացնելու համար, մանր կտրտեցէք, սառը ջրով լուացէք, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ միայն լոբիները ծածկուին, դրէք կրակին և երբոր եփ գայ, ածեցէք մէջը՝ 4 հատ կտրտած սոխ, 2 արմատ ռեհան, 2 արմատ քոռթին և 2 արմատ շվիթ, կամ համեմ, երբոր տեսնէք, որ լոբիները բաւական եփուել են, քափկիրով լաւ ջարդեցէք, գցեցէք մէջը ½ ֆ. եղ և լաւ խաշեցէք. ապա 5—6 հատ ձուն լաւ հարեցէք և ածեցէք լոբու վերայ և առանց ուշացնելու կաթսան կրակից յետ դրէք։ Կերակուրը իսկոյն դուրս տուէք սկուտեղի վերայ, որ ձուն շատ չ’եփուի, այլ թերխաշ մնայ. մօտ բերէք։

Պաս ժամանակ, փոխանակ եղի և ձուի, լոբու մէջ գցեցէք 2 սեղանի գդալ ծեծած և կանաչ լոբու ջրի մէջ բաց արած ընկոյզ։

Այս տեսակ կերակուր չորացրած կանաչ լոբուց էլ կարելի է պատրաստել, բայց նախ քան եփելը, պէտք է ջրի մէջ թրջոց դնել՝ փափկելու համար։