Այս էջը հաստատված է
Կախեց ծովից,
խիստ փոթորկից
Ձայներ եկան
խոր հատակից․
Հնարք չըկար, սատանեքը
Հավաքեցին իրանց հարկը,
Շալակած բերին Բալդու մոտը,
Մեղա գալով ընկան ոտը
«Առ ուզածդ, գնա,— ասին,—
Միայն հանգիստ տուր մեր դասին»։
Բալդին եկավ տնքտնքալով,
Ոսկին մեջքին զընգզընգալով։
«Վայ իմ օրին»,— տերտերն ասավ,
Թռավ տեղից, տեղ չըգտավ,
Կնկա փեշի տակը մտավ.
Բալդին նրան փեշի տակից
Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
Ասավ. «Բերի ես քո գանձը։
Տարվա վերջն է, տուր իմ վարձը»։
Էն տեր ժլատը
Բռնեց ճակատը,
Բալդին մի հետ կըտտացրեց՝
Նրան օճորքը թռցրեց.
Մի անգամ էլ կըտտացրեց՝
Լեզուն բերնում լռեցրեց․
Վերջն էլ որ չըկըտտացրե՜ց՝
Խեղճ տերտերին գըժվացրեց
«Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս,
Էժանության էլ ման չըգաս»,—
Ասավ Բալդին ուրախ-ուրախ,
Ելավ գնաց անվարձ, անհախ։