Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/10

Այս էջը սրբագրված է

րությունները և ոճը՝ գրեթե առանց նատուրալիստական կամ ֆրեյդիստական, միստիկական կամ ֆատալիստական նստվածքների, որոնք նկատվում են նրա ուրիշ գործերում։ Հերոսուհու կերպարը, նրա արտաքուստ հանգիստ ու բարեկերպ, բայց ներքուստ բուռն տարուբերումների և ստորացումների ենթարկվող գոյությունը ներկայացված են ցայտուն ռեալիստական որակով՝ մարդկային ճակատագիրը շրջապատող հանգամանքներով և սոցիալ-հոգեբանական իրադրությամբ բացատրելու սկզբունքով։ Իսկ այդ իրադրությունը ավստրիական գավառական բյուրգերականության քաղքենիական անձուկ և խեղդիչ միջավայրն է։ Այստեղ՝ առերես բարեհամբույր և հոգատար, իսկ իրականում երեսպաշտ ու մանրախնդիր մարդկանց շրջապատում է ստիպված ապրել երիտասարդ այրի Բերտա Գարլանը իր փոքրիկ որդու հետ։ Միապաղաղ ու ձանձրալի է անցնում նրա կյանքը՝ կենցաղային ամենօրյա հոգսեր, երաժշտության մասնավոր դասեր, քաղաքավարական պարտադիր հանդիպումներ ու զրույցներ, զանազան մարդկանց տափակ և վիրավորական սիրահետումներ, այցելություններ մի քանի տարի առաջ մահացած ամուսնու գերեզմանին...

Ճիշտ է, շուտով հերոսուհու համար ծագում է մի «հույսի ճառագայթ», միանգամայն հնարավոր թվացող մի ելք այդ գաղջ մթնոլորտից դեպի իր մանկության և պատանեկության քաղաքը՝ Վիեննա, դեպի մեծ արվեստի աշխարհը; Չէ՞ որ, ինչպես Բերտան իմանում է թերթերից, այժմ նորից Վիեննայում է ապրում Էմիլ Լինդբախը՝ մի ժամանակ իրեն բուռն սիրահարված և ամուսնության առաջարկներ անող, իսկ այժմ հանրահռչակ ջութակահար դարձած իր բարեկամը։ Բերտայի և Էմիլի միջև վերսկսված նամակագրությանը, առաջիկա հանդիպման սպասումները կլանում են հերոսուհու ամբողջ էությունը, դառնում են մի յուրօրինակ կախարդանք, որի հետ նա կապում է իր բոլոր հույսերը։ Բայց այդ կախարդանքն ու հույսերը փուլ են գալիս առաջին իսկ հանդիպումից հետո։ Ինչքան էլ Բերտայի համար ծանր լինի գիտակցել և խոստովանել այդ բանը, բայց նա շուտով համոզվում է, որ Էմիլ Լինդբախին ինքը պետք է սոսկ որպես հերթական սիրուհի, որի հետ նա լավագույն դեպքերում կարող է հանդիպել ամիսը

10