Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/103

Այս էջը սրբագրված է

— Իսկ ինչպե՞ս դու մարդու գնացիր։

Բերտան ամեն ինչ մանրամասն պատմեց։ Էմիլը կարծես թե ուշադրությամբ էր լսում նրան, բայց մինչդեռ Բերտան պատմում էր, նա վեր ելավ ու պատուհանից դուրս էր նայում։ Երբ պատմությունը վերջացրեց, Բերտան իր ծնողների մասին խոսք բացեց՝ մտաբերելով նրանց բարի, սրտագին հարաբերությունները։

Էմիլը նրա խոսքը կտրեց՝ ասելով.

— Քանի որ մենք այստեղ ենք, ուզո՞ւմ ես մի քանի պատկեր նայենք։

Նրանք դանդաղ անցան դահլիճը, նկարների առաջ կանգ սռնելով։

Բերտան երբեմն նկատողություններ էր անում։

— Հրաշալի է, շատ լավ է։

Էմիլը գլխով էր անում։

Մերթ ընդ մերթ Բերտային թվում էր, որ Էմիլը բոլորորին մոռացել է իր գոյության մասին։ Նա նախանձ ու խանդոտություն էր զգում դեպի այդ նկարները, որ այնպիսի՜ հետաքրքրությամբ դիտում էր Էմիլը։ Պատահմամբ նրանք կանգ առան այն նկարի առջև, որի ընդօրինակումը Բերտան տեսել էր Ռուպիուսի ալբոմում։ Էմիլը ուզում էր անցնել այդ պատկերի մոտով։ Բերտան կանգ առավ, նայելով պատկերին, որպես մի հին ծանոթի։

— Գեղեցիկ է,— բացականչեց նա։ — Շա՜տ լավ է: Այնպես չէ՞, Էմիլ։ Եվ, առհասարակ, ես սիրում եմ Ֆալկենբորգի նկարները։

Էմիլը մի ցրված հայացք նետեց Բերտայի վրա։

Բերտան շփոթվեց և արագ-արագ շարունակեց.

— Նրանց մեջ այնքան շատ բան կա... Ամբողջ կյանք է... ամբողջ բնությունը... — Նա զգաց, որ ինչ-որ անազնիվ բան էր անում, մեկից բան է գողանում, մեկից, որը չի կարող պաշտպանվել և, ասես զղջալով, ավելացրեց.— մեր քաղաքում մի հիվանդ մարդ է ապրում, որը մի ալբոմ ունի, մինչև անգամ պատկերների մի ամբողջ թղթակալ։ Այնտեղից գիտեմ ես այս նկարը։ Դա Ռուպիուսն է, մի ծանր հիվանդ, անդամալույծ։ — Բերտան անհրաժեշտ համարեց հայտնել այդ մասին

103