Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/110

Այս էջը սրբագրված է

վրա։ Ընտիր կերակուրներն ու նուրբ գինին, որոնց նա սովոր չէր, նրա վրա ազդեցին այնպես, որ նա քնեց։

Ժամի հինգին նա արթնացավ, բայց վեր կենալ չէր ուզում: Սովորաբար այդ ժամանակ... ի՞նչ անելիս կլիներ նա այժմ, եթե Վիեննա չգնար, եթե Էմիլը չպատասխաներ իր նամակին, եթե ինքը բոլորովին գրած չլիներ Էմիլին։ Եթե Էմիլը շքանշանը ստացած չլիներ, եթե ինքը նրա նկարը չտեսներ պատկերազարդ լրագրում։ Եթե ոչինչ չհարուցաներ նրա մեջ հիշողություններ Էմիլի մասին։ Եթե Էմիլը չնչին, բոլորովին անհայտ մի ջութակահար լիներ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող մի որևէ նվագախմբում։ Ի՛նչ վայրենի մտքեր են։ Մի՞թե ինքը նրա համար է սիրում Էմիլին, որ նա հռչակավոր մարդ է։ Իրան ի՞նչ այդ ամենը։ Մի՞թե ինքը ամենից շատ նրա ջութակահարությամբ է հետաքրքրվում։ Գուցե իր համար նույնիսկ ավելի լավ լիներ, եթե Էմիլը հռչակավոր չլիներ, հիացմունք չհարուցաներ իր տաղանդով։ Իհարկե, այն ժամանակ ինքը շատ ավելի մոտ, ավելի հարազատ կլիներ նրան։ Ինքը ավելի վստահ կլիներ, և նա էլ բոլորովին ուրիշ կերպ կվարվեր իր հետ։ Այժմ էլ նա սիրալիր է, բայց... Բերտայի համար պարզ էր դառնում... Մի բան այսօր կանգնած էր նրանց միջև և բաժանում էր միմյանցից։ Եվ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ Էմիլը աշխարհահռչակ արտիստ է, իսկ ինքը՝ մի փոքրիկ, հիմար, գավառացի կին։ Նորից նրան տեսնում է Բերտան այնտեղ, Ռեմբրանդտի պատկերների առաջ այն պահուն, երբ ինքը խոսում էր, իսկ նա պատուհանից դուրս էր նայում։ Նա մտաբերեց, թե ինչպես Էմիլը հազիվ մնաս բարով ասաց ու գրեթե փախավ։ Իսկ ինքը, երբ նրա մոտ էր, զգա՞ց արդյոք այն, ինչ զգում են սիրած մարդու մոտ։ Արդյոք ձգտո՞ւմ էր ինքը դեպի նա, ուզո՞ւմ էր համբուրել նրան, երբ նա կանգնած էր իր կողքին։ Ոչ, այդ ամենի ստվերն անգամ չկար։ Արդյոք ուրա՞խ է ինքը, որ երեկո է, դառնում։ Ուրա՞խ է, որ երկու ժամից հետո կտեսնե նրան: Եվ եթե կարողություն ունենար մի ակնթարթում տեղափոխվել ուր կամենա, արդյոք դեպի տաւն, իր որդու մոտ չէ՞ր ձգտելու ինքը, դեպի սովորական զբոսանքը խաղողի այգիների միջով, դեպի անահ ու անհույզ կյանքը, ուր հանգիստ է.110