Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/117

Այս էջը սրբագրված է

առաջ անցավ և, վերջին դուռը բաց անելով, նրանց ներս թողեց ու հետո դուռը փակեց։ Նրանք մի փոքրիկ սենյակում էին։ Պատի մոտ մի կապույտ թավշյա բազմոց էր դրած, կար մի ոսկի շրջանակով հայելի և երեք հոգու համար սարքած մի սեղան։ Գլխարկը հանելիս՝ Բերտան մոտեցավ հայելուն և նկատեց ապակու վրա խազված երկու անուն. «Իրմա» և «Ռուդի»։ Այդ րոպեին նա հայելու մեջ տեսավ, որ Էմիլը մոտեցավ իրան։ Նա ետ քաշեց Բերտայի գլուխը ու համբուրեց նրա շրթունքները. Հետո, առանց մի խոսք ասելու, հեռացավ ու զանգահարեց։ Մանկահասակ սպասավորը իսկույն բուսավ նրանց առջևը, կարծես նրանց ետևում կանգնած լիներ։ Հրամանը ստանալով՝ նա իսկույն հեռացավ։

Էմիլը նստեց։

— Դեհ, Բերտա՞,— ասաց նա։

Բերտան անվստահ կերպով մոտեցավ նրան։

Էմիլը բռնեց նրա ձեռքը, իրան քաշեց և բաց չթողեց, նույնիսկ երբ Բերտան նստեց նրա կողքին։ Մյուս ձեռքով Բերտան ակամա նրա մազերին դիպավ։

Մի ավելի հասակավոր սպասավոր ներս մտավ, և Էմիլը ընթրիք պատվիրեց։ Բերտան ամեն ինչի համաձայն էր։ Սպասավորը դուրս ելավ, և Էմիլը, Բերտային մոտ քաշվելով, շշնջաց.

— Մի՞թե չի կարելի հարց տալ ինչո՞ւ միայն այժմ։

— Դրանով ի՞նչ ես ուզում ասել։

— Ինչո՞ւ դու ինձ վաղուց չգրեցիր։

— Հա... Ինչո՞ւ դու շքանշանը ավելի վաղ չստացար։

Էմիլը բռնել էր Բերտայի ձեռքը և համբուրում էր։

— Ախր դու Վիեննա հաճախ ես գալիս։

— Ոչ։

Նա վերև նայեց։

— Դու ինձ գրե՞լ էիր այդ մասին։

Բերտան հիշեց ու կարմրեց։

— Այո, երբեմն... Երկուշաբթի եկել էի...

Սպասավորը սարդին և խավիար բերեց ու նորից հեռացավ։

117