ավելի խոհեմ կլինի... Վիեննան մի իսկական գավառական քաղաք է, և ես չէի ուզում քեզ գիշերը բերել մոտս...
Բերտան հասկանում է նրան, բայց մի ինչ-որ բան իրան դուր չի գալիս։ Նա աչքերը վեր է բարձրացնում։ Այժմ նա կարող է, ինչպես հարկն է, պարզ տեսնել դաշնամուրի վերևը կախված պատկերը։ Դա մերկ կնոջ պատկեր է։ Բերտան ցանկություն է զգում պատկերը ուշի-ուշով դիտելու։
— Ի՞նչ է դա, — հարցնում է նա։
— Համենայն դեպս, ոչ գեղարվեստական գործ,— պատասխանում է Էմիլը։ Ապա նա մի լուցկի է վառում և մոտեցնում նկարին։ Նկարը վատ է, բայց Բերտային թվում է, թե կտավի վրայից կինը իրան հանդուգն, համարձակ աչքերով է նայում, և նա ուրախ է, որ Էմիլի ձեռքում լուցկին վերջապես հանգավ։
— Լավ կլիներ, եթե ինձ համար մի բան նվագեիր,— ասում է Էմիլը։
Բերտային զարմացնում է այդ անսպասելի սառնությունը։ Մի՞թե Էմիլը չի հասկանում, որ Բերտան յուր մոտ է։ Սակայն նա ի՞նքը, մի՞թե մի առանձին բան է զգում։ Ոչ... կարծես ինչ-որ օտարոտի թախիծ է դուրս սողում այդ կիսամութ սենյակի բոլոր անկյուններից... ինչո՞ւ Էմիլը իրան այստեղ բերեց և ոչ իր մոտ... Սա ի՞նչ տուն է... Եվ ինչո՞ւ ինքը ավելի շատ գինի չխմեց, այն ժամանակ այսքան զգաստ չէր լինի:
— Ուրեմն դու այդպես էլ ոչինչ չե՞ս նվագի ինձ համար։ Ախր մտածիր, որքա՜ն ժամանակ է ես չեմ լսել քեզ։
Բերտան նստում է և մի ակորդ է վերցնում։
— Բոլորը մոռացել եմ։
— Ապա փորձիր։
Նա կամաց նվագում է Շումանի «Մի երես ալբոմից»–ը և ակամա հիշում է, թե ինչպես այս բանը նորերս նվագում էր տանը, և Կլինգեմանը զբոսնում էր պատուհանի տակ։ Նա մտաբերում է, ինչ որ լսել էր Կլինգեմանի սենյակում կախված անպարկեշտ նկարի մասին և նայում է դաշնամուրի վերևը կախված մերկ կնոջ պատկերին, որը այժմ դեպի դատարկ տարածությունն է նայում։ Էմիլը, աթոռը մոտ քաշելով,