Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/125

Այս էջը սրբագրված է

— Ես՞... Ուղիղն ասած ես մի մեղեդի եմ մտաբերում այն օպերայից, որ նվագում էր այսօր այն պարոնը ինձ մոտ: Բայց իմ հիշողության մեջ այդ մեղեդին բոլորովին այլ կերպ է հնչում։

— Դու այժմ մեղեդինե՞ր ես մտաբերում,— ասաց Բերտան ծիծաղելով։ Սակայն նրա ձայնում կշտամբանքի մի շեշտ կար։

Նորից լռություն տիրեց։ Կառքն անցնում էր ամայի՝ Ռինգշտրասսեն, օպերայի, մուզեյի, քաղաքային այգու մոտով։

— Էմի՛լ:

— Ի՞նչ է, անգինս։

— Ասա, ես ե՞րբ կլսեմ նորից քո նվագածությունը։

— Ես ախր նվագելու եմ մոտ օրերս համերգում։ — Նա կարծես հանաքով էր ասում այդ։

— Ոչ, Էմի՛լ, ինձ համար, միա՞յն ինձ։ Դու կանես այդ, այնպես չէ՞, այո՞, ես խնդրում եմ քեզ։

— Լավ, լավ։

— Դա ինձ համար շատ կարևոր է։ Ես կուզեի, որ դու իմանաս, թե քեզ լսողը միայն ես եմ։

— Լավ։ Միայն թե այժմ թողնենք այդ։

Նա այնպիսի վճռական եղանակով ասաց այդ, կարծես մի բան պաշտպանում լիներ Բերտայից։ Բերտան չէր հասկանում թե ինչո՞ւ իր խնդիրքը բարկացրեց նրան։

— Ուրեմն՝ վաղը ժամի 5-ին ես քեզ մոտ կլինեմ։

— Շատ լավ, շատ լավ, ես կուզեի իմանալ, թե արդյոք դուր կգա՞ իմ տունը։

— Օ, իհարկե։ Երևի քեզ մոտ ավելի լավ կլինի, քան այնտեղ, ուր մենք նոր էինք։ Մենք երեկոն էլ միասին կանցկացնենք, այնպես չէ՞։ Գիտե՞ս ինչ, Ագաթայի մասին...

— Լսի՞ր, սիրելիս, ավելի լավ է՝ ծրագրեր չկազմենք,— նրա խոսքը կտրեց Էմիլը՝ փայփայելով նրան, կարծես փայփայանքով ուզում էր ծածկել այն չարությունը, որ հնչում էր իր ձայնում։

— Էմիլ:

— Ի՞նչ։

125