Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/131

Այս էջը սրբագրված է

մունքը նրան մի արտասովոր բան թվաց։ Նա դժվարությամբ էր կարողանում երևակայել, որ ուրիշ կանայք այդքան համարձակություն ունենային։ Նա նորից քաղաքային այգով էր գնում, ուր երեկվանից ավելի շատ ժողովուրդ կար։ Դարձյալ իր առաջ վազվզում ու խաղում էին մանուկները, նաժիշտներն ու դաստիարակուհիները զրուցում էին, կարդում կամ գործում։ Մի ծեր մարդ էր նստած արևի տակ, նստարանի վրա։ Բերտային թվաց, որ այդ մարդը խիստ ու չար հայացքով նայեց նրան, և երբ ինքն անցավ, օրորեց ալևոր գլուխը։ Բերտայի սրտին դիպավ այդ, և նա ինքն իրան այդ մարդու առաջ հանցավոր էր զգում։ Նա ակամա ետ նայեց և նկատեց, որ մարդը նստում է արևով լուսավորված ավազին ու տակավին օրորում էր գլուխը։ Բերտան հասկացավ, որ նրա գլուխը ծերությունից էր օրորվում։ Արդյոք Էմիլն էլ այդպես ծերունի կլինի՞, արդյոք նա էլ կնստի արևի տակ տաքանալու և կօրորե՞ գլուխը։

Եվ, հանկարծ, կարծես իբր պատասխան իր այդ մտքին, նա իրան պատկերացրեց այնտեղ, տանը, շագանակենիների ծառուղիում։ Միայն թե ինքը ջահիլ էր, իսկ Էմիլին ման էին ածում բազմոցում նստեցրած։ Բերտան կամացուկ ջջնջաց. «Եթե Ռուպիուսը իմանար այս...»։ Ոչ, նա երբեք չէր հավատա։ Եթե նա մի այդպիսի բան կարողանար ենթադրել, բնավ չէր կանչի իրան բալկոնն ու չէր հաղորդի, որ կինն ուզում է նրան թողնել։ Բերտան այժմ զարմանում էր, թե որքա՜ն իր կյանքը իմաստալից և բարդ է։ Թվում է, թե ոչ մի կնոջ կյանք այդքան հետաքրքրական չի կարող լինել։ Եվ այդ զգացումը Բերտայի սիրտը հպարտությամբ էր լցնում։ Երբ նա անցնում էր մի խումբ մանկանց մոտով, նրա ուշադրությունը գրավեցին նրանցից չորսը, որ բոլորովին միատեսակ էին հագնած։ Եվ նա իսկույն մտաբերեց, որ ամենևին չէր էլ մտածել իր երեկվա արկածի հետևանքների մասին։ Սակայն նրան անհնարին թվաց՝ որևէ մի կապ լինի երեկվա խենթ գրկախառնությունների և այն փոքրիկ, միամիտ արարածի մեջ, որ իրան մայր պիտի անվանե։

Նա այգուց դուրս եկավ և դեպի Լենխերֆելտերշտրասսե ուղևորվեց։ Արդյոք Էմիլի մտքով անցնո՞ւմ է, որ նրա մոտ

131