Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/142

Այս էջը սրբագրված է

Առավոտ վաղ նրան արթնացրեց Ֆրիցը։ Նա մահճակալի վրա էր բարձրացել և կամացուկ փչում էր մոր աչքերին։

Բերտան նստեց անկողնի մեջ, գրկեց նրան ու համբուրում էր նրա գլուխը։ Ֆրիցը իսկույն սկսեց պատմել, թե ինչպես ուրախ էր հորեղբոր մոտ, ինչպես բոլորն իրան երես էին տալիս՝ Էլլին հետը խաղում էր, Ռիխարդը ըմբշամարտում էր, բայց չկարողացավ հաղթել։ Երեկ իրան երաժշտության դաս էին տալիս, և նա կսկսե շուտով մայրիկից լավ նվագել։ Բերտան հիացմունքով էլ լսում նրան։ Նա մտածում էր, եթե միայն Էմիլը կարողանար լսել այդ քաղցր զրույցը, և միտք էր անում, թե արդյոք չի՞ կարելի հետևյալ անգամ Վիեննա գնալիս՝ Ֆրիցին էլ վերցնել։ Այն ժամանակ դա ոչ մի կասկած չի հարուցանի։ Բերտան մոռացել էր բոլորը, ինչ դառն էր և միայն ուրախությունն էր հիշում։ Նույնիսկ մերժողական նամակից նա միայն վերջին տողերն էր պահել իր մտքում։ Իսկ այդ տողերը նոր տեսակցության մասին էին խոսում։ Նա գրեթե ուրախ էր տրամադրված, երբ վեր կացավ։ Եվ հագնվելիս՝ նա ակամա հիանում էր ինքն իր մարմնով, որի վրա, կարծես, դեռ մնում էր համբույրների բույրը։

Ճաշից առաջ նա գնաց տագերանցը։ Ռուպիուսի տան մոտից անցնելիս՝ նա ուզեց նրանց մոտ մտնել, բույց հետաձգեց այդ մինչև երեկո, վախենալով միանգամից սուզվել այդ տան մեջ տիրող տագնապալի տրամադրության մեջ։

Էլլին նրան այնպիսի աղմուկով և ուրախությամբ դիմավորեց, որ կարելի էր կարծել, թե նա մի երկարատև ճանապարհորդությունից էր վերադառնում։ Տագրը պատրաստվում էր գնալ, բայց, Բերտային տեսնելով, հարցրեց, թե արդյոք լա՞վ է անցկացրել ժամանակը, և մատը թափ տվեց նրա վրա։ Բերտան կարմրեց։

— Հա՜, լավ լուրեր են գալիս քո մասին,— շարունակում էր նա, առանց նկատելու Բերտայի շփոթմունքը և, դռան մեջ կանգ առնելով, գլուխ տվեց նրան մի այնպիսի ձևով, կարծես ուզում էր ասել.

142